Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, եւ ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք » (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 13:19

«Ծառուկյան» դաշինքում «Ելքի» առաջարկը չեն քննարկել

«Ծառուկյան» դաշինքը նոր է ստացել «Ելք» խմբակցության դիմումը`սատարել նախագահի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին: «Դե, հիմա «Ելքը» ակնկալում է… ոչ մեկի չես կարող զրկել ակնկալիքներից, այլ խնդիր է, թե այդ ակնկալիքները որքանո՞վ են իրականանալի մեր մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`շարունակելով. «Բանակցությունը ենթադրում է երկու կողմի հավասար մասնակցություն, իսկ իրենք պարզե՞լ են` մենք ունե՞նք թեկնածու, եւ ի՞նչ է` մենք պարտադրվա՞ծ ենք»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունն այս պահին նախագահի թեկնածու չունի, իրենց օրակարգում դեռ նման հարց չկա: Բայց, եթե թեկնածու չունեն, դա չի նշանակում, որ պետք է սատարեն «Ելք»-ին:

Հարց հնչեց` հնարավո՞ր է «Ծառուկյան» դաշինքը սատարի Հանրապետականի նախագահի թեկնածուին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես այս պահին ոչինչ չեմ կարող բացառել, քաղաքականության մեջ ոչինչ չի կարող բացառել: Ես չգիտեմ՝ ով կառաջադրվի, ով չի առաջադրվի, Հանրապետականի ներքին գործերին խառնվելու ցանկություն ընդհանրապես չունեմ, բայց էստեղ չշեշտենք կուսակցության պատկանելիությունը: Տեսականորեն չի բացառվում, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ներկայացնի այնպիսի թեկնածու, որը իր գործնական եւ անձնական հատկանիշներով լիարժեք բավարարվում է Սահմանադրության եւ կյանքով ՀՀ նախագահին ներկայացվող պահանջները»:

Մանրամասները`տեսանյութում

Մեկ այլ հարցի`հնարավոր է այս քայլով «Ելքն» ուզում է ճշտել «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր լինել-չլինելը: «Ոչ: Մենք ճնշվող քաղաքական ուժ չենք: Մենք կարող ենք լսել կարծիքը, հարգել այն, բայց մենք ունենք մեր սեփական տեսակետները, կարծիքը: մեզ ոչ ոք չի կարող շեղել»: Պատգամավորը շրջանցեց Aravotam-ի դիտարկումը, որ ժամանակին իշխող ՀՀԿ-ն կարողացավ շեղել:

Ասաց. «Մեզ ուղղություն տալիս է միայն ժողովուրդը`իր քվեով եւ իր վերաբերմունքով: Այսօր ժողովուրդը մեզ վստահել է, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Մեր ամբողջ նախընտրական քարոզչությունը եղել է ընդդիմադիր բնույթի: Մենք տակնուվրա ենք արել կառավարությունը`քննադատության իմաստով: Այս վիճակում`չունենալով կառավարությունում տեղեր, ուրիշ ի՞նչ ապացույց պետք է ներկայացնենք մեր ընդդիմադիր լինելու: Որպես ընդդիմադիր ուժ համախմբված ենք կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ, մեր ներկայացուցիչներից որեւէ մեկը այլ պնդումով հանդես չի եղել»:

Դիտարկմանը, որ 2015-ից ցայսօր որեւէ «ծառուկյանական» չի քննադատել Սերժ Սարգսյանին, պատգամավորը չհամաձայնեց: Ասաց`միշտ էլ քննադատել «կառավարության որոշ անդամների վայրենի գործելակերպը»: Հավելեց. «Անձերի մասին բամբասանքով չենք զբաղվում: Զբաղվում ենք երեւութաբանությամբ»:

Մանրամասները`տեսանյութում

Ինչ վերաբերում է հարցին` Սերժ Սարգսյանը բավարարում է այդ պահանջներին, ապա նա նշեց, որ որևէ մեկի վերաբերյալ դատողություն չի անի և այդ հարցերը պետք է տալ իրենց կուսակցության ներկայացուցիչներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031