Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ: Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը՝ «Դեդ»-ը, հայտարարեց, որ չի պատրաստվում լսել ապացույցների հետազոտման փուլը եւ ցանկանում է գնալ նիստերի դահլիճից: Նա առանց դատավոր Արթուր Օհանյանի թույլտվության՝ վեր կացավ տեղից, սակայն ուղեկցող ոստիկանները կանգնեցրին նրան:
«Դեդ»-ը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց դատավորի եւ դատախազների հասցեին եւ արժանացավ սանկցիայի՝ նախազգուշացման: Ապա մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանին եւ Արթուր Չախոյանին դարձավ եւ նրանց «թուրք» անվանեց:
«Դեդ»-ի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտարարեց՝ նրա իրավունքն է ներկա չգտնվել: Դատավորն էլ որոշեց բավարարել նրա խնդրանքը եւ Հակոբյանին թույլատրել հեռանալ:
Նրան հետեւեց նաեւ ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը: Նա հայտարարեց. «Մենք դատարան չունենք, այս ամենը թատրոն է, որովհետեւ դատավորը հրահանգ է ստացել աչք փակել իր հասցեին ուղղված վիրավորանքների վրա եւ նիստ անել»:
Դատավորը կողմերին կոչ արեց կոռեկտ լինել: Ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել Հակոբ Ենոքյանի հանդեպ, որը, պաշտպանի խոսքով, «Դեդ»-ին ի պատասխան ասել է. «Թուրքը դու ես»: Դատավորն ասաց, որ անձամբ նման բան չի լսել եւ միջնորդությունը մերժեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ