Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կփոխի Մեղրու ԱՏԳ-ն հայ-իրանական շփումներում. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 19,2017 12:35

Մինչ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումով կառավարությունը լուրջ հույսեր է կապում հայ-իրանական գործակցության աշխուժացման հետ, վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները չեն փայլում դինամիկ զարգացմամբ։ Ավելին` դրանք զգալիորեն հետ են մնացել նաեւ ոչ վաղ անցյալում արձանագրված ծավալներից։ Տնտեսական ոլորտում հայ-իրանական կապերը դանդաղ են տեղաշարժվում։

Նախկինի նման Իրանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է։ Բայց ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ 2017թ. հայ-իրանական առեւտրային հարաբերությունները չեն առանձնանում բարձր ակտիվությամբ։

Տարվա ընթացքում Հայաստանը եւ Իրանը իրականացրել են ընդհանուր առմամբ 211 մլն դոլարի առեւտուր։ Նախորդ տարվա համեմատ որոշակի աճ գրանցվել է, բայց, դրանով հանդերձ, հայ-իրանական գործակցության տեսակարար կշիռը արտաքին առեւտրաշրջանառության մեջ նվազել է. անցած տարվա 4,9-ի դիմաց կազմել է 4,2 տոկոս։

Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է շրջանառության 6 տոկոսանոց աճ, որը գումարային արտահայտությամբ եղել է ընդամենը 12 մլն դոլար։ Ավելացել է թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը։ Թեեւ ծավալների աճը մեծ մասամբ բաժին է ընկնում ներմուծմանը։

Ընթացիկ տարի գրեթե 10,5 միլիոնով համալրվել է իրանական ապրանքների հոսքը Հայաստան։ Փոխարենը՝ հայկական ապրանքների մատակարարումը իրանական շուկայում ավելացել է ընդամենը 1,5 մլն դոլարով։

Իրանը հայաստանյան շուկա է առաքել 144 մլն դոլարի ապրանք, ինչը 7,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Արտահանումը Հայաստանից եղել է շուրջ 67 մլն դոլար՝ աճելով 2,3 տոկոսով։

Նախորդ մի քանի տարիների անկումից հետո երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները որոշ չափով ակտիվացել են, բայց դրանք բավականաչափ հեռու են նախկին մակարդակին հասնելուց։ 2011թ. նույն ժամանակահատվածում Իրանն ու Հայաստանը շատ ավելի մեծ ծավալի առեւտրային շրջանառություն ունեին, քան այժմ։ Դրական տարբերությունը հասնում էր 55 մլն դոլարի, ինչը փոքր ցուցանիշ չէ։

Ակնհայտ է, որ հայ-իրանական վերջին շրջանի ակտիվ շփումները գործնականում դեռեւս թույլ են դրսեւորվում։ Նախորդ մեկ տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում կազմակերպվել է առնվազն 3-4 տնտեսական համաժողով՝ մի քանի տասնյակ գործարարների մասնակցությամբ։

Թվում է, թե դա լավագույն հարթակն է գործարար կապեր հաստատելու եւ նոր ծրագրեր իրականացնելու համար։ Սակայն այդ միջոցառումների ազդեցությունը տեսանելի չէ առեւտրաշրջանառությունների ծավալների վրա։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031