Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» Արթուր Սողոմոնյանը տեսել է ձեռքը փորին սեղմած տղամարդու. հետո է իմացել, որ վիրավոր ոստիկան է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2017 12:25

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօրվանից հրապարակվում են գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես՝ քննչական գործողությունների փաստաթղթերը:

Մեղադրող-դատախազներն ընթերցեցին 2016թ. սեպտեմբերին ՊՊԾ գնդի տարածքում այս գործով մեկ այլ մասով անցնող ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի (լուսանկարում) մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը, համաձայն որի՝ Արթուր Սողոմոնյանը խմբի անդամներից որոշների հետ ՊՊԾ գնդի գրավման օրը եկել է Սպիտակից՝ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:

«Այդ ժամանակ իրենց մոտ զենք չի եղել: Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ դմփոց է լսել, ինչից հետո տեսել է ՊՊԾ գնդի դարպասներից կիսով չափ ներս մտած «Կռազ» մակնիշի ավտոմեքենան: Ճաշարանի մոտ կրակոցներ է լսել, շոկի մեջ է ընկել, ցանկացել է դուրս գալ եւ ազատվել այդ ամենից: Նա մատնանշել է զորանոցի պատուհաններից մեկը, որտեղից կրակոցներ է լսել: Այդ ժամանակ ինքնաձիգ է եղել Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից: Բիլյանը կրակել է եւ ոտքի հարվածով բացել դուռը եւ մտել շենք: Գոռոց է լսել ու կրակոցներ»,-ասվում է քննչական գործողության արձանագրության մեջ:

Արթուր Սողոմոնյանն այդ ժամանակ քննչական մարմիններին նաեւ մատնացույց է արել ՊՊԾ գնդի հերթապահ մասը եւ հայտարարել, որ սենյակներից մեկից կրակոց է լսել. «Տեսել է ձեռքը փորին դրած սպիտակ շապիկով տղամարդու, որը կռացած շտապել է դուրս գալ տարածքից: Հաջորդ օրն է իմացել, որ նա վիրավոր ոստիկան է եղել»:

Հիշեցնենք, որ ոստիկանի սպանության համար մեղադրանք է առաջադրված Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Վերջինս երկու ոստիկանի սպանության մեջ է մեղադրվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031