Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա հարց է ծագելու` ինչու՞ «Ծառուկյան» խմբակցությունը չի կարող պաշտպանել ընդդիմության թեկնածուին. «Իրատես»

Դեկտեմբեր 19,2017 12:15

Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելով՝ «Ելքը» շատ լավ գիտակցում է, որ նա ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Սրանում համոզված են բոլորը, սակայն սա քաղաքական քայլ է, որն արեց խորհրդարանի ընդդիմադիր փոքրամասնությունը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ«Իրատեսի» հետ զրույցում փաստեց. «Ելքը» հարմար առիթն օգտագործեց, որ պաշտոնյայի սեփական տեսլականը ձևակերպի: Բնական է, որ նրանց թեկնածուն շանս չունի, որովհետև բազմաքայլ խաղը, որը սկսվել էր սահմանադրության փոփոխությամբ, վաղուց է ավարտվել: Երկրորդ էտապն էլ խորհրդարանական ընտրություններն էին: Այսօր բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ»:

-Արտախորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չհաղթահարեց խորհրդարանական ընտրությունների դեպրեսիան կամ, ինչպես քաղաքական արձակուրդ գնացել էր, այդպես էլ հետ չեկավ,- շարունակեց վերլուծաբանը:- Այս պարագայում խորհրդարանական ընդդիմությանն այլ բան չի մնում, եթե ոչ ամբիոնն օգտագործել ու ասել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի իր պատկերացրած նախագահի թեկնածուն: Եվ` ոչ ավելին:

-Այս առաջադրմամբ բավականին անհարմար վիճակում է հայտնվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը: Լինելով խորհրդարանում երկրորդ ուժը, նրանք դեռ չեն կողմնորոշվում` պաշտպանե՞լ ընդդիմադիր փոքրամասնության առաջադրած թեկնածուին, թե՞ սեփական թեկնածուն ունենալ կամ գուցե իշխանության թեկնածու՞ն է նրանց ավելի շահավետ: Սա փորձության շրջա՞ն է նրանց համար:

-Իհարկե, «Ծառուկյան» խմբակցության համար սա յուրահատուկ թեստ է: Այս քաղաքական ուժն իրեն հռչակեց ընդդիմություն, որովհետև, կամա թե ակամա չկազմելով կոալիցիա, ԱԺ-ում դառնում ես ընդդիմություն: Հետևաբար, հիմա հարց է ծագելու` ինչու՞ չի կարող պաշտպանել ընդդիմության թեկնածուին, և ինչու՞ պետք է քվեարկի իշխանության թեկնածուի օգտին: Կարծում եմ, կընտրվի այն տարբերակը, որը սովորաբար լինում է նրանց պարագայում. խմբակցությունից մի քանիսը կընտրեն Արտակ Զեյնալյանին, մնացածները` իշխանության թեկնածուին:

-Հաշվի առնելով, որ բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ, և ամեն ինչ նախապես որոշված է, հետագա բոլոր նշանակումները խիստ կանխորոշվա՞ծ են, 2018-ի ինտրիգ էլ, որպես այդպիսին, չկա՞:

-Ինտրիգն այնքանով կա, թե ով է լինելու վարչապետը: Թե չէ, որևէ ինտրիգ չի կարող լինել, այսինքն` ՀՀԿ խմբակցությունը կկարողանա՞ ապահովել բավարար ձայներ, որ իր թեկնածուն հաղթող ճանաչվի: Իհարկե, «Ծառուկյանը» կփորձի այս խաղում առավելագույնը պոկել, իսկ խոշոր առումով պարզ է, թե ով ինչպես կքվեարկի այդ խմբակցությունում: Այլ խոսքով, կունենանք կոալիցիայի քվեարկությամբ անցած նախագահ և Արտակ Զեյնալյանի օգտին «Ելքի» բոլոր անդամների ու «Ծառուկյան» խմբակցության մի քանի ներկայացուցչի քվեարկություն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031