Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Չարնեցկի. ՀՀ նախագահն արդարացված ժամկետներ է նշել, ավելին՝ փոքր-ինչ զուսպ է գտնվել և ավելի փոքր ժամկետ է նշել .«168 ժամ»

Դեկտեմբեր 19,2017 11:38

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս տված իր հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները կարող են ավարտվել 2-3 տարվա ընթացքում։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կմեկնարկեն 2018 թվականի առաջին կեսին։

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ ՀՀ նախագահն արդարացված ժամկետներ է նշել, ավելին՝ փոքր-ինչ զուսպ է գտնվել և ավելի փոքր ժամկետ է նշել։ Ըստ Չարնեցկիի՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցը մի քանի ասպեկտում պետք է դիտարկել։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ առաջին ասպեկտը քաղաքական է և քաղաքակրթական է, վիզային ռեժիմի ազատականացումն ընդունված է ձևակերպել՝ որպես տվյալ երկրի եվրաինտեգրման գործընթացի տեսանելի արդյունք, այսինքն՝ երկիրը պետք է ընթանա եվրաինտեգրման ճանապարհով, Հայաստանի դեպքում այդ հարցը բաց է, անհասկանալի է։ «Արդյոք Հայաստանն ընթանում է այդ ուղիով։ Այստեղ կասկածներ կան, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այս միությունն իր ժողովուրդներին առաջարկում է այլ կյանք, քան Եվրոպական միությունը, կան էական տարբերություններ այս երկու միությունների միջև։ Հայաստանը ԵՏՄ անդամ է, զուգահեռաբար զարգացնում է քաղաքական կապեր Եվրամիության հետ, բայց արդյո՞ք դա կարելի է որակել որպես եվրաինտեգրացիա։ ԵՏՄ երկրներում արտագաղթի ցուցանիշը շատ բարձր է, ինչը նշանակում է, որ կայուն կյանքի համար տարրական պայմանները չեն ապահովվում ԵՏՄ անդամ երկրների կողմից»,- նկատեց Չարնեցկին։

Նրա խոսքով՝ երկրորդ ասպեկտը տեխնիկական է, եթե երկիրը վստահեցնում է, որ ընթանում է եվրաինտեգրման ճանապարհով։ Նա նշեց, որ եվրաինտեգրման ուղին բռնած Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը նույնիսկ բավական մեծ տեխնիկական դժվարություններ հաղթահարեցին ռեժիմի ազատականացման համար, քանի որ սա երկկողմանի լուրջ և անկեղծ պարտավորություն է։

«Մեկ բան է, որ Հայաստանն ունենա համաձայնագիր Եվրոպական միության հետ, Եվրամիության հետ բոլոր երկրներն ունեն համաձայնագրեր, որոնք ունեն հարաբերություններ, այո՛, Հայաստանն այլ է, քանի որ Արևելյան գործընկերության անդամ է և Եվրամիությանն ընդառաջ որոշակի քայլեր է իրականացրել, բայց վիզային ռեժիմի շուրջ Երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է։ Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում։ Սակայն առաջին տեղում քաղաքական կամքն է՝ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության։ Արդյո՞ք Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին, արդյո՞ք ապահովելու է իր ժողովրդին այնպիսի կյանքով, որը մարդիկ չեն լքի վիզային ռեժիմի ազատականացման դեպքում, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, ինչը նշանակում է, որ իշխանությունները ժողովրդի համար չեն ստեղծել բավարար պայմաններ, այնպիսի կյանք, որը նրանք չեն լքի։ Այսինքն՝ վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն մեծ հնարավորություն է, այլև մեծ մարտահրավեր, որին երկիրը պետք է պատրաստ լինի քաղաքականապես և տնտեսապես»,- նման կարծիք հայտնեց Ռիչարդ Չարնեցկին։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031