Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմայով ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած քննարկումը, որ երեկ տեղի ունեցավ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, գոնե այս փուլում տվեց առկա հարցերի պատասխանները եւ հիմնավորեց, որ Հայաստանի քաղաքացիները պատվաստումներից խուսափելու որեւէ պատճառ չունեն, ընդհակառակը, պետք է շահագրգռված լինեն իրենց երեխաների պատվաստումներն իրականացնելու հարցում։
Քննարկման ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր արձանագրվեցին այն պնդումների կապակցությամբ, որոնք վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ահասարսուռ եզրակացություններ անելու հիմք էին տվել։ Մասնավորապես խոսվում էր, որ ԱՄՆ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներից հետո 18 հազար 727 պրոբլեմատիկ դեպք է արձանագրվել, որոնցից 63-ը ավարտվել են մահվան ելքով։ Քննարկման ընթացքում, որին մասնակցում էին առողջապահության նախարարը եւ պատվաստումների ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ, պարզվեց, որ 18 հազար պրոբլեմատիկ դեպքը կամ բարդացումը առաջացել է 35 միլիոն պատվաստվածների շրջանում։ Այսինքն՝ 35 միլիոն պատվաստված անձանցից 18 հազարի մոտ ինչ-որ բարդացում արձանագրվելու մասին տեղեկատվություն է եղել։ Մինչ այս տեղեկատվության բովանդակության մեջ խորանալը նշենք, որ ահազանգով զուգորդված դեպքերը կազմում են ընդհանուրի 0.05 տոկոսը։ Աշխարհում չկա որեւէ առողջապահական միջոցառում, որ 0.05 տոկոսի ռիսկ չպարունակի, նույնիսկ ատամ պլոմբելը։
Բայց պապիլոմայի պատվաստման դեպքում իրավիճակը շատ ավելի ակնհայտ է։ Խնդիրն այն է, որ վերը նշված 18 հազարը ոչ թե պատվաստման հետեւանքով առաջացած բարդություններ են, այլ պատվաստումից հետո առաջացած բարդությունները։ Այսինքն, պատկերավոր ասած, եթե որեւէ մեկը պապիլոմայի դեմ պատվաստումից հետո ավտովթարի է ենթարկվել եւ վնասվածք ստացել, այս անձը ընդգրկվել է վերը նշված 18 հազար 727-ի մեջ։ Նույնը վերաբերվում է նաեւ 63 մահերին։ Դրանք ոչ թե պապիլոմայի դեմ պատվաստման արդյունքում առաջացած մահերն են, այլ պապիլոմայի դեմ պատվաստված անձանց շրջանում առաջացած մահերը, որոնց կապը պատվաստման հետ որեւէ կերպ հիմնավորված չէ։ Եվ եթե նույնիսկ ուղղակի կապ ունենային, դա ընդհանուր պատվաստվածների թվի մեջ 0.0001 տոկոսն է։ Ցանկացած բժշկական միջամտության՝ նույնիսկ ամենաանվնաս համարվողների մահվան ռիսկը ավելի բարձր է համարվում, քան 0.0001 տոկոսը։
Հաջորդ կարեւոր պնդումը, որ լայն քննարկում էր ստացել սոցիալական ցանցերում, այն էր, որ պապիլոմայի դեմ պատվաստման հետեւանքով աղջիկների մոտ անպտղություն է զարգանում։ Մասնագետները, սակայն, բացատրեցին, որ պապիլոմայի դեմ պատվաստանյութը կամ ավելի ճիշտ՝ պատվաստման հետեւանքով առաջացած հակամարմինը ոչ թե բջիջ է, այլ, պատկերավոր ասած՝ «բջիջի լուսանկար», հետեւաբար նման դերակատարում չի կարող ստանձնել, այսինքն՝ չբերություն չի կարող զարգացնել, եւ միջազգային վիճակագրությունը հաստատում է պնդումը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում