Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հանգստյան օրերին կայացավ պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ)Հայաստանի առաջնությունը սեղմում պառկած դիրքից եւ ծանրաձողով ձգում հարթակից մրցաձեւերում:
Մրցաշրջանի վերջին մրցմանը (տղամարդիկ եւ կանայք) մասնակցեցին գրեթե բոլոր ուժեղագույն պաուերլիֆթերները՝ Երեւանից, հանրապետության քաղաքներից, մարզերից, սահմանամերձ տարածաշրջաններից: Հանդես եկան նաեւ վերջերս անցկացված ուսանողական մարզական խաղերի մասնակիցները, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մեդալակիրները:
Տարիքային խմբերում ըստ քաշային կարգերի որոշվեցին Հայաստանի չեմպիոնները եւ մրցանակակիրները: Առաջնության արդյունքներով կկազմավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կսկսեն նախապատրաստվել 2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:
Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս առաջնությունում նաեւ «Դյուցազնագրքի» ռեկորդ սահմանվեց: Հեղինակն առինջեցի 96,8 կգ քաշային Հրաչ Գուլոյանն է, որը ձգում տակդիրներից ձեւում գրանցեց 350 կգ արդյունք:
Պաուերլիֆթինգի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիչ ճանաչեց պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ