Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագաղութացման (Armexit) առաջնահերթ գործողություններ

Դեկտեմբեր 19,2017 10:53

Գործողություն 4. Ապակոմունիզացում, ապախորհրդայնացում և ապառուսականացում[i]

Ռուսական գաղութատիրությունն իր շուրջ 200-ամյա ժամանակահատվածում սոցիալ-մշակութային խորը հետք է թողել հայության և Հայաստանի վրա։

Ուստի մեր ինքնությունն ամբողջապես վերագտնելու, քաղաքական ազգի վերածվելու, ազգային պետություն ստեղծելու, ինքնուրույն գործոն դառնալու, Հայրենիքին վերատիրանալու և մեր առաքելությունը վերաստանձնելու համար կենսականորեն անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և մաքրել այդ հետքը։

Ներկայումս, բացի ռուս-թուրքական երկընտրանքին վերաբերվող հարցերից, այդ հետքը հիմնականում արտահայտված է կոմունիստական գաղափարախոսության և խորհրդային ժառանգության շաղախի ձևով։

Այդ պատճառով կոմունիստական գաղափարախոսությունից և խորհրդային ժառանգությունից մաքրվելու միջոցով հնարավոր է միաժամանակ ազատվել նաև ռուսական գաղութատիրության հետքի հիմնական մասից։

Անշուշտ, անհրաժեշտ է մշտապես նկատի առնել, որ ռուսական գաղութատիրության հենքը և առանցքը ռուս-թուրքական երկընտրանքն է, ուստի մեր ապագաղութացման հենքը և առանցքը պետք է դառնա այն հայեցակետը, որ ռուսական գաղութատիրությունը վերջնարդյունքի առումով չի տարբերվում թուրքական գաղութատիրությունից, երկու կայսրությունն էլ ցեղասպան ու կեղեքիչ են եղել և են, պարզապես Ռուսաստանը, որպես կանոն, կիրառում է համեմատաբար ավելի մեղմ մեթոդներ ու գործիքարան, ինչի շնորհիվ որոշ հարցերում նույնիսկ ավելի արդյունավետ է, քան իր մրցակից Թուրքիան, այն է՝ կարողանում է մեր ներուժը կամավոր կերպով օգտագործել մեզ կլանելու և իր շահերին ծառայեցնելու համար։

Եթե հատկապես Մեծ Եղեռնի հետևանքով Թուրքիան ու թուրքականությունը դուրս եկան մեր ներսից և անվերադարձ կերպով մերժվեցին, ապա Ռուսաստանի և ռուսականության իմունային անբավարարության վիրուսը դեռևս ապրում է մեր ներսում և շարունակում իր քայքայիչ գործը։

Այս հայեցակետի հաշվառմամբ ապակոմունիզացման, ապախորհրդայնացման և ապառուսականացման թիրախներ պետք է դառնան (հաջորդականությունն առաջնահերթություն չի ենթադրում).

1) Կոմունիստական գաղափարախոսությունը։ Այն պետք է ֆաշիզմի նման իրավականորեն մերժվի և այն դավանող կազմակերպություններն ու կոմունիստական խորհրդանիշները պետք է արգելվեն։

2) Խորհրդային շրջանը և նրա ժառանգությունը։ Հարկավոր է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ-ը մեր Հայրենիքը չէր, որ այն, ինչ նա կառուցել էր, կառուցել էր իր համար և, եթե մենք մասնատված ու կախյալ չլինեինք, ապա ավելի զարգացած կլինեինք և ավելի մեծ արդյունքի կհասնեինք։ Հարկավոր է նաև նկատի ունենալ, որ Խորհրդային Հայաստանը պետություն չի եղել, ուստի չի կարող համարվել 2-րդ Հանրապետություն։ Այդպես մենք ժխտում ենք 1-ին Հանրապետության ժառանգությունը և մեզ համարում ենք 1-ին Հանրապետության զավթման ու մասնատման արգասիք Խորհրդային Հայաստանի ժառանգորդ։ Ըստ այդմ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի՝ գերմանախորհրդային մասը մեզ համար հայրենական պատերազմ չի եղել։ Մենք հարկադրաբար մասնակցել ենք 2-րդ աշխարհամարտին ԽՍՀՄ-ի կողմից։

ԽՍՀՄ-ը մեր մասով կազմավորվել և գործել է որպես մեզ պետականազրկող, ցեղասպանող ու հայրենազրկող գաղութային համակարգ, այդ պատճառով նրա ժառանգությունը պետք է ճանաչվի ու գնահատվի վերը նշվածին համապատասխան և մերժվի ու հանվի մեր կյանքից և մեր կյանքի միջավայրից։

3) Կոմունիստական-խորհրդային, ինչպես նաև առհասարակ՝ Ռուսական կայսրության՝ հայազգի «պանթեոնը»։ Շուրջ 40 հազար երևելի անհատ ենք տվել Ռուսական կայսրությանը։ 200 տարվա մեր սերուցքի շատ կարևոր ու զգալի մասը։ Ինչի պատճառով զրկվել ենք մեր ինքնությունից, ներուժից, դիմադրողականությունից և ցեղասպանվել ու հայրենազրկվել ենք։

Հերոս և խորհրդանիշ կարող է համարվել միայն այն հայը, որ ապրել ու գործել է հանուն ազգի և Հայրենիքի, հանուն մեր պետականության։ Մնացյալը, եթե իրենց ինքնիրացումը գերադասող հայրենափոխներ ու ազգափոխներ չեն եղել, ապա եղել են մոլորյալ ու դժբախտ մարդիկ։ Ուստի նրանք տեղ չունեն մեր պանթեոնում։ Միևնույն ժամանակ՝ նրանց կյանքն ու գործունեությունը պետք է անաչառ կերպով գնահատվի ու ներկայացվի սերունդներին, որպեսզի հետագայում նաև կարողանանք հնարավորինս խուսափել հայրենափոխությունից և ինքնագաղութացումից։

4) Կյանքի միջավայրի տարրերը։ Կոմունիստական-խորհրդային, ինչպես նաև առհասարակ՝ ռուսական ծագում ունեցող տարրերը (տեղանուններ, փողոցների անվանումներ, կազմակերպությունների անվանումներ, խորհրդանիշներ, հուշարձաններ, կոչումներ, տիտղոսներ, դիմելաձևեր, տոներ, հիշատակի օրեր, հերոսներ, գործիչներ, կերպարներ և այլն), որոնք առկա են մեր կյանքի միջավայրում, այդ թվում՝ դասագրքերում, այլ ուսումնական գրականության մեջ, եթերում, պետք է հանվեն այնտեղից կամ վերագնահատվեն ու վերանայվեն։ Բացառություն պետք է լինեն ռուսական մշակույթի և դրա գործիչների հետ կապված այն տարրերը, որոնք չունեն հակահայ բնույթ և մեր պատմության մաս են կազմում։

5.Տեղեկութային տիրույթը, լեզուն և լեզվամտածողությունը։ Ռուսերենը պետք է զրկվի 2-րդ մայրենի լեզվի քողարկված կարգավիճակից և չզուգադրվի միջազգային հաղորդակցության լեզվի կարգավիճակ ունեցող անգլերենի հետ։ Ռուսերենը պետք է չդասավանդվի դպրոցներում որպես պարտադիր օտար լեզու։ Ռուսական հեռուստաալիքները պետք է հանվեն հանրային եթերից, իսկ ռուսերեն հաղորդումներն ու առանց թարգմանության խոսքը՝ հայկական հեռուստա և ռադիո հաղորդումներից։

Լուսաբանական քարոզչական միջոցառումների, ինչպես նաև անհրաժեշտ մասով՝ վարչական սահմանափակումների, արգելքների ու տույժերի միջոցով խորհրդային շրջանի բառամթերքը, լեզվամշակութային այլ տարրերը և, առհասարակ՝ ռուսերենը, պետք է հանվեն մեր առօրյա ու պաշտոնական խոսքից, իսկ Հայոց լեզուն, տվյալ դեպքում՝ արևելահայերեն գրական լեզուն, պետք է ձերբազատվի ռուսերեն լեզվամտածողության կաղապարներից, դադարի լինել յուրօրինակ «թարգմանալեզու» և ազատագրվի՝ զարգանալու ու միասնական ուղղագրության հիման վրա արևմտահայերենը համարկելու (ինտեգրելու) համար։ Նույն տրամաբանությամբ՝ պետք է ազգային առաքելության և ճշմարտության զույգ ուղենիշներին համապատասխան քաղաքական ու գաղափարական գաղութացվածությունից ազատագրել ու վերաշարադրել նաև Հայոց պատմությունը։

6.Գաղութավիրուսակիր վերնախավը, Ազգային անվտանգության մարմինները, Ոստիկանությունը և Զինված ուժերը։ Պետք է ձերբազատվել կոմունիստական-խորհրդային և ռուս-թուրքական երկընտրանքի վիրուսով վարակված վերնախավից, ռուսական «կենտրոնից» առանձնացնել և կոմունիստական-խորհրդային շերտերից ու բաղադրիչներից մաքրել Ազգային անվտանգության մարմինները, Ոստիկանությունը և Զինված ուժերը։

Հատկապես հարկավոր է արմատապես վերանայել երկու երկրների անվտանգության մարմինների հարաբերությունները, քանդել դրանց ձևաչափը, որն ըստ էության մեր համապատասխան մարմիններին ներառում է որպես ենթակա ստորաբաժանում։ Բացի այդ, հարկավոր է դադարեցնել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչությունների բացահայտ ու գաղտնի գործունեությունը, Ռուսաստանի ուսումնական հաստատություններում անվտանգության, ոստիկանության և Զինված ուժերի սպաների պատրաստումը, Ռուսաստանի կենսաթոշակային համակարգում Հայաստանի պահեստի սպաների գրանցվելու և այնտեղից կենսաթոշակ ստանալու պրակտիկան, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի ստեղծած կազակական, վետերանների և այլ ռազմականացված կազմակերպությունների գործունեությունը։

Վիրուսակիր վերնախավի ներկայացուցիչները պետք է զրկվեն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, նրանց պետք է արգելվի գիտական, կրթական և մշակույթային ոլորտների պետական կազմակերպություններում զբաղվել կառավարման, կրթական կամ դաստիարակչական գործունեությամբ։

Այս հարցում էական դեր կունենա լյուստրացիան (գաղտնազերծում), որին նվիրված կլինի հոդվածաշարի հաջորդ հոդվածը։

7.Քաղաքացիությունը։ Անհրաժեշտ է դադարեցնել Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու և նրանց մշտական բնակության նպատակով Ռուսաստան փոխադրելու ռուսական պետական ծրագրերը Հայաստանի տարածքում։

Վարուժան Ավետիսյան

[i] Հոդվածը «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ» հոդվածով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031