Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուր. «Ճանապարհը շատ վատը չէ: Առաջ է գնում»

Դեկտեմբեր 19,2017 10:38

«Ազատությունը» թարգմանաբար ներկայացնում է ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին  հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող այն հատվածները, որոնք օգտագործված են դեկտեմբերի 17-ին «Ազատության» հրապարակած ռեպորտաժում․

Ազնավուր․ – «Հայի իմ փոքրիկ ճանապարհը ես անցնում եմ: <…> Ես մարդկանց մղում եմ գործելու, ներդնելու և ներդնելու, տալու և տրվելու Հայաստանին: Ունենք գեղեցիկ երկիր: Պետք է դա գիտակցել: Հին քաղաքակրթություններ կան, որոնք անհետացել են: Եվ եթե թույլ տանք, մերը նույնպես կանհետանա: Ուրեմն, սա ընտրություն է: Ես դա ասում եմ հայերին՝ պետք է պատասխանատվություն ստանձնել: Նման բան պատահելու դեպքում իրենք կլինեին դրա պատասխանատուն: Դա, ամեն դեպքում, իմ մեղքով չի լինի: Բայց ես անում եմ ամեն ինչ, որպեսզի հակառակը լինի»:

Հարց․ – «Տպավորություն կա, որ Դուք ավելի ու ավելի եք ներգրավվում»:

Ազնավուր․ – «Ներգրավված եղել եմ ի սկզբանե: Եվ, այո, ներգրավված եմ ամբողջությամբ»:

Հարց․ – «Այսօր ինչպե՞ս է դա տեղի ունենում իշխանությունների հետ»:

Ազնավուր․ – «Ոչ շատ վատ»:

Հարց․ – «Ավելի՞ լավ է»:

Ազնավուր․ – «Ես նրանց նվերներ չեմ անում (ծիծաղ): <…> Ես նրանց ասում եմ՝ «դուք անծանոթներ եք» Հայաստանից դուրս: Ես եմ, որ ճանաչված եմ: Ուրեմն, պետք է օգտվել ինձնից: Ես չեմ կարող օգտվել ձեզնից»:

Հարց․ – «Բայց ունե՞ք տպավորություն, որ Հայաստանում գործերը բարելավվել են»:

Ազնավուր․ – «Ճանապարհը շատ վատը չէ: Առաջ է գնում: Լա՞վ են գործերը: Կան բաներ, որոնք լավ են ընթանում: <…> Պետք է մոռանալ, որ իրենք կոմունիստներ են եղել: Այլևս չի կարելի ապրել կոմունիստական ձևով: Հայաստանում դեռ մի փոքր ճանապարհ պետք է անցնեն՝ դրանից ամբողջությամբ դուրս գալու համար: Երբ մեկը երկու սու է գողացել, նրան բանտարկում են, մինչդեռ տղերքը, որոնք միլիոններ են գողանում, անպատիժ են մնում: Դա անընդունելի է»:

Հարց․ – «Ո՞ւր է հասել «Ազնավուրը Հայաստանի համար»-ը»:

Ազնավուր․ – «Դա երեկ էր: Այժմ ունենք հրաշալի տեղ, Երևանի բարձունքում, որտեղից երևում է ամբողջ քաղաքը: Այն կոչվում է «Շարլ Ազնավուրի տուն»: Այն կվերածվի մշակույթի տան՝ սրահներով, ցուցասրահներով, թանգարանով, և այլն: <…> Օրինակ, «Ազնավուրը Հայաստանի համար»-ի ժամանակաշրջանում մի տիկին ցանկացել էր մեզ ժառանգել իր տունը: Բայց դա անհնար էր: Այժմ, Ազնավուր հիմնադրամով, որ ստեղծել ենք, դա կլինի: Կկարողանանք զբաղվել մարդկանցով, ովքեր տուն չունեն, նրանց օգնել, նրանց տանիք տրամադրել»:

Ազնավուր․ – «Այն [Հայաստանը] միշտ փոքր սովետական կողմ ունի: Պետք է դրան դիմադրել: Մտքի այդ վիճակը լավ չէ մեզ համար: Այն նույնիսկ շատ վատ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031