Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ-եւ»-ը չի՛ աշխատում եւ չի՛ աշխատելու

Դեկտեմբեր 19,2017 22:00

ՀՀ կառավարության եւս մեկ լավություն Ռուսաստանին,
այս անգամ՝ Իրանի հաշվին

Հայաստանի կողմից հռչակված, այսպես կոչված, «եւ-եւ»-ի քաղաքականությունը որ սահմանափակվելու էր զուտ բովանդակազուրկ հռետորաբանությամբ, եւ որ վաղ թե ուշ պարզ էր դառնալու դրա անհնարինությունը՝ պարզ էր ի սկզբանե: Քանզի հասկանալի էր եւ է, որ Մոսկվան, չնայած Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրավաբանական «մաքրությանը», չի հանդուրժելու այդ համաձայնագրի գոյությունը:

Հազար անգամ կարելի է բացատրել, թեկուզ մատների վրա, հավատարմության երդումներ տալ, հղումներ ցույց տալ, մատը դնել տեքստի համապատասխան տողի վրա, «օրինակ ցույց տալ», բայց անիմաստ, քանզի Մոսկվայի կայսերական հոգու համար անհանդուրժելի է նման պայմանավորվածությունների անգամ փաստը:

Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, թե որ կողմում է Հայաստանի տարբեր շրջանակների համակրանքը, կամ ով ինչպես է պատկերացնում Հայաստանի շահը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից: Հարցն ավելի պարզ է. Հայաստանը կարո՞ղ է օգտվել իր իսկ տարածքում ունեցած հնարավորություններից՝ իր իսկ շահերը սպասարկելու համար: Եվ հարցն ամենեւին էլ հռետորական չէ, հարցը նույնիսկ ԵՄ հետ համաձայնագիրը չէ:
Հայաստանի կառավարությունն անցյալ շաբաթ Իրանի կողմից տրամադրված միջոցներով վերակառուցած գազամատակարարման համակարգը Մեղրիում եւ Ագարակում գրչի մեկ հարվածով նվիրաբերեց ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմին»: Համակարգը մինչ այդ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության բալանսի վրա էր եւ համարվում էր պետական սեփականություն: Հնարավորություն կար, որ գազամատակարարման ոլորտը դիվերսիֆիկացվեր, եւ ի վերջո Հայաստանը գազը ներկրեր ոչ միայն հեռավոր Սիբիրից, այլեւ հարեւան Իրանից: Բայց «Գազպրոմը» չէր լինի «Գազպրոմ», եթե դա հանդուրժեր, իսկ կառավարությունը չտար իր համաձայնությունը՝ փորձելով մեզ այնուհետեւ «բացատրել», թե դա ինչպես է բխում Հայաստանի պետական շահերից:

Այսինքն՝ 2000-ականների սկզբից որդեգրած արատավոր քաղաքականությունը շարունակվում է, եւ վերջը չի երեւում՝ չնայած բազմաթիվ հայտարարություններին, թե որքան կարեւոր են հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ, որ մենք միայն ՌԴ-ի հետ չէ, որ հարաբերությունների խորացման ենք ձգտում, որ մենք «բազմավեկտոր» ենք, «եւ-եւ» ենք, այս ենք, այն ենք… Կյանքը ցույց է տալիս, որ այդ ամենը միայն դեկլարատիվ հայտարարություններ են, որոնք շատ արագ մոռացվում են, երբ բախվում են «Գազպրոմի» շահին, «Ռոսնեֆտի» գրպանին կամ ռուս զինվորականների քմահաճույքին, երբ հայկական ընկերությանը կարող են ուղղակի արգելել վերանորոգման աշխատանքներ կատարել սահմանապահ ուղեկալի տարածքում: Եվ պատկերացրեք, որ հենց այսպիսի խայտառակ ձեւակերպմամբ էլ հարցը մտավ կառավարության նիստի օրակարգ եւ հաստատվեց անցյալ հինգշաբթի օրը:

Իհարկե, որպես հակափաստարկ կարող են մատնացույց անել, թե «Մեղրի» ազատ տնտեսական գոտի է բացված, որն ընդամենը դեռ գրասենյակ է, որ Կապանում առեւտրային գրասենյակ կբացեն իրանցիները, որ Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղի կբացվի, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը լոկալ նշանակությունից ավելի որ լինի՝ թույլ չի տրվելու ռուսների կողմից, եթե պաշտոնական Երեւանն այլ որոշում ի վերջո չընդունի՝ ոչ ավտոճանապարհ, ոչ երկաթուղի, ոչ մեծածավալ բեռնափոխադրումներ եւ ապրանքաշրջանառություն:

Եվ պարզ է, թե ինչու. դա հակասելու է Ռուսաստանի հետ մեր ներկայիս աննորմալ հարաբերությունների փիլիսոփայությանը, տրամաբանությանը եւ էությանը, դա կխաթարի ռուսական աննորմալ ներկայությանը Հայաստանում: Պաշտոնական Երեւանը նույնիսկ չի համարձակվում հարց բարձրացնել, թե ումից եւ ինչից է մեզ «պաշտպանում» Ռուսաստանը Մեղրիում: Մենք սպառնալիք ունե՞նք Իրանի կողմից, այն էլ՝ այնպիսի, որ ինքներս չենք կարող դիմագրավել: Մեզ կասեն՝ ահաբեկչություն, թմրադեղեր, անօրինական միգրացիա եւ այլն: Բայց ո՞վ է ասել, որ մեզ այդ ամենից պետք է Արաքս գետի վրա Մեղրիում պաշտպանեն ռուսները:

Փաստն այն է, որ Հայաստանի եւ Իրանի մոտեցումներն այս հարցերում նույնն են, ինչը բազմիցս ֆիքսվել է միջպետական փաստաթղթերում, եւ միջպետական ձեւաչափը լիուլի բավարար է, որ ռուս սահմանապահների «օգնության» կարիքը չլինի: Ի վերջո, եթե բերված փաստարկները բավարար չեն, եւ ռուսների ներկայությունը «բխում է մեր անվտանգության շահերից», ապա Վրաստանի սահման է՞լ է պետք գուցե նրանց հրավիրել պատկերն ամբողջացնելու համար:

Եվ սա՞ է կոչվում կամուրջ: Սա օդի մեջ գտնվող կամուրջ է, որի մի կողմն է թեթեւակի հենված գետնին: Գոնե Իրանի մասով դա ուղղակի աչք է ծակում: Սյունիքի մարզպետը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի գործարարները եւ ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել: Եվ չափազանց ուշագրավ է, որ նա Ռուսաստանի անունն անգամ չտվեց: Զարմանալի չէ, քանի որ դրա կարիքը Մոսկվան չունի: Աստրախան-Էնզելի ծովային երթուղին բաց է, եւ Հայաստանը դրա հետ կապ չունի, ավելին, «մեր ռազմավարական դաշնակիցն» ինտենսիվորեն առաջ է տանում Թեհրան-Բաքու-Մոսկվա երթուղու գաղափարը, որը կշրջանցի Հայաստանը եւ Վրաստանը, իսկ Իրանին մուտք կտա դեպի Սեւ ծով եւ Եվրոպա միայն իր թույլտվությամբ: Այսինքն՝ Մոսկվայի մտահղացումները դեմ են բոլորի շահերին՝ բացի Բաքվից:
Եվ այստեղ ուղղակի հարց է ծագում. իսկ Հայաստանի կառավարությունն այս ամենում ո՞ւմ կողմից է խաղում: Եվ ո՞ւր կորավ այստեղ այդ «եւ-եւ»-ը:

Պաշտոնական Երեւանը բացատրում է, թե մենք պատրաստ ենք զարգացնելու մեր հարաբերություններն այլոց հետ, երբ «դա չի հակասում մեր պարտավորություններին» ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ այլ՝ Ռուսաստանի կողմից մեր պարանոցին կախ տված կազմակերպություններում: Սակայն մինչ օրս մենք չենք լսել, որ Ռուսաստանի կողմից գեթ մի առաջարկ մերժվի այն հիմնավորմամբ, որ դա հակասում է մեր պարտավորություններին, ասենք, ԵՄ առաջ, Իրանի առաջ, ԱՄՆ-ի առաջ: Այնպիսի տպավորություն է, որ մենք մեզ «ազատ ենք զգում» ցանկացած պարտավորություններից, իսկ երբ հանկարծ մեզ մատնացույց են անում մեր իսկ կողմից հատուկենտ պարտավորությունները, ապա սկսում ենք, ասենք, պարոն Սվիտալսկիին մեղադրել, թե «միջամտում են» մեր «ներքին գործերին», «մենք ինքնիշխան ենք» եւ այլն:
Իմաստ չունի քարոզ կարդալ կամ այս էլ հազարերորդ անգամ ասել, որ իշխանության՝ պետական եւ հանրային շահը սպասարկելու անկարողությունը վերածվել է պետականության թիվ մեկ սպառնալիքի: Ուղղակի դրա հետ մեկտեղ իշխանությունն ինքն իր համար է սպառնալիքի վերածվելու, երբ ասելիք չի ունենա ոչ Թեհրանին, ոչ Բրյուսելին, ոչ էլ Վաշինգտոնին, երբ կֆիքսվի, որ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող հաղորդակցության գլխավոր խոչընդոտը դառնում է Հայաստանի քաղաքականությունը: Ավելի ճիշտ՝ քաղաքականության բացակայությունը, երբ, ասենք, «Գազպրոմի» շահերը սպասարկող «ինսայդերներն» ամեն ինչի վրա պատրաստ են քար գցել՝ «եւ-եւ»-ի հռետորաբանությունն օգտագործելով որպես ծխածածկույթ:

Այլեւս ակնհայտ է, որ հայ-իրանական սահմանը եթե պետք է պաշտպանել, ապա առաջին հերթին՝ նրա ներկայիս «պաշտպաններից», եւ այդ ճանապարհը պետք է օր առաջ բուլդոզերով բացել այդտեղ կուտակված աղբից: Լայն իմաստով:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

19.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varvara Gasparyan says:

    ծախված են, եվ վերջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031