Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ Ցյուրիխյան արձանագրություններին, «չափն անցած» Էրդողանն ու Ալիեւի «յոթ երգը»

Դեկտեմբեր 19,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

Անկարան արդարանում է, բայց մնում է նույն տեսակետին

Մինչ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին շաբաթներին համագործակցության խորացման հիմքերն են ամրապնդում, անցած օրերին պաշտոնական Երեւանն ու Անկարան Հայաստան-Թուրքիա արձանագրություններին անդրադարձան:

Օրեր առաջ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ցյուրիխյան արձանագրությունների մասին, նշել էր. «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չի վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը Արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»:

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Էդվարդ Նալբանդյանի վերոնշյալ հայտարարությանը: «Նալբանդյանն ասել է, թե Թուրքիան է պատասխանատու այդ Արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այս պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը եւ նպատակ ունեն մոլորության մեջ գցելու համաշխարհային հասարակական կարծիքը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարան նշում է, թե Թուրքիան հետամուտ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով՝ այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց: «Չնայած Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է Արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս Արձանագրությունները դեռեւս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար կարեւոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ եւ խաղաղություն ապահովվի: Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ միաժամանակ հավելելով, թե Հայաստանը պետք է «վերջ տա Ադրբեջանի տարածքների ներխուժմանը»:

Պաշտոնական Անկարան, այսպիսով, կրկնել է մինչ այժմ ունեցած դիրքորոշումը, թե ինչու Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կյանքի չեն կոչվում: ՄԱԿ ԳԱ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթից հետո փաստացի պաշտոնական Անկարան առաջին անգամ է արձագանքում հայ-թուրքական Արձանագրությունների թեմային: Հազիվ թե մինչեւ 2018-ի գարուն Թուրքիայի այնպիսի անսպասելի իրադարձություններ տեղի ունենան, որոնք կդրդեն Էրդողանի իշխանությանը փոխել ներկայիս ունեցած դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ արձանագրությունների առնչությամբ:

Թրամփը, Երուսաղեմն ու զայրացած Էրդողանը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, եւ հանձնարարեց Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները, նրա հայտարարությունն աննախադեպ լարվածություն ստեղծեց Մերձավոր Արեւելքում: ԱՄՆ նախագահի որոշումն արժանացավ տարածաշրջանի երկրների կոշտ քննադատությանը։

Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում հրավիրվեց «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովը, որին մասնակցեցին 48 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Լիբանանի նախագահները։ Հավաքի նպատակը Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի քննարկումն էր Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման լույսի ներքո։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս գագաթնաժողովի մեկնարկին կոչ արեց Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել: Նա հավելեց, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ծառայում է արմատական հոսանքների շահերին: Էրդողանը շնորհակալություն էր հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը դատապարտած պետություններին:

Ստամբուլյան գագաթնաժողովից առաջ՝ դեկտեմբերի 11-ին, Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների առանցքային թեմաներից մեկը նույնպես Մերձավոր Արեւելքում ստեղծված կացությունն էր: Վլադիմիր Պուտինն Անկարա էր ժամանել Սիրիա եւ Եգիպտոս կատարած այցերից հետո: Եթե Սիրիայում ՌԴ նախագահի գլխավոր նպատակն այդ երկրում երկու տարի առաջ մեկնարկած ռազմական առաքելության ավարտն ազդարարելն էլ, ապա Կահիրեում եւ Անկարայում ռուսաստանյան պատվիրակության բանակցությունների հիմնական մասը նվիրված էր Թրամփի` Երուսաղեմին վերաբերող որոշմանը:

«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան համարում են, որ ԱՄՆ-ի վարչակազմի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունը վերատեղակայելու մասին որոշումները չեն նպաստում Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների լուծմանը: Հակառակը՝ դրանք էլ ավելի են ապակայունացնում տարածաշրջանում առկա առանց այդ էլ բարդ իրադրությունը: Այդ ամենը, ըստ էության, կարող է չեղարկել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի հեռանկարները»,- Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թուրքիայի նախագահի խոսքով եւս՝ Մոսկվան եւ Անկարան Երուսաղեմի կարգավիճակի հարցում տարաձայնություններ չունեն: Ըստ Էրդողանի՝ առաջիկա օրերին Իսրայելը ստիպված է լինելու դիմակայել նաեւ իսլամական աշխարհի միասնական ճնշմանը:

Մինչդեռ ստամբուլյան գագաթնաժողովի օրը պաշտոնական Մոսկվան հանդես եկավ պարզաբանող հայտարարությամբ: Թուրքիայի նախագահի դիրքորոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ չի համընկնում Մոսկվայի դիրքորոշմանը՝ նշեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մենք գիտենք այդ դիրքորոշումը, եւ տվյալ դեպքում այն չի համընկնում մեր դիրքորոշմանը»,- ասել էր նա՝ հավելելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է:

Հավելենք նաեւ, որ այն բանից հետո, երբ Էրդողանը Իսրայելն անվանեց «ահաբեկչական» եւ «մանկասպան» երկիր, իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լապիդի խոսքով՝ իր կուսակցությունը ջանքեր կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Կնեսետում, ներկայացնելու համար. «Էրդողանն արդեն չափն անցավ: Մի մարդ, ով հերքում է Հայոց ցեղասպանության ընթացքում հարյուր հազարավոր երեխաների սպանության փաստը, չի կարող քարոզ կարդալ մեր գլխին»:

«Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին»

Ստամբուլում անցկացված «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովին, ինչպես հայտնի է, հրավիրված էր նաեւ Ադրբեջանի նախագահը: Գագաթնաժողովից մի քանի օր առաջ կայացել էր Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց: Էրդողանը Ադրբեջանի նախագահ Ալիեւին հրավիրել էր Ստամբուլ՝ մասնակցելու Երուսաղեմի հարցով «Իսլամական երկրների կազմակերպության» արտահերթ գագաթնաժողովին՝ հայտնում էին ադրբեջանական աղբյուրներն ու հավելում, թե թուրքական կողմի նախաձեռնությամբ երկու նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել եւ քննադատել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Ալիեւն ու Էրդողանը ընդգծել են, որ հաստատակամ են իսլամական աշխարհի շահերը պաշտպանելու հարցում եւ ամեն ինչ կանեն այդ ուղղությամբ»,- նշվում էր հաղորդագրությունում:

Սակայն իրականում ինչպե՞ս իրեն կդրսեւորի Ալիեւը ստամբուլյան գագաթնաժողովից հետո: Նա հարվածի տակ կդնի Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի իր որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ՝ ասել է Ալիեւը Ստամբուլում «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտակարգ գագաթնաժողովում։ Նա անհանգստություն է արտահայտել՝ կապված Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ. «Այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար կարգավորման գործընթացի վրա, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքի համար»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը երկու պետությունների գոյակցման սկզբունքի հիման վրա, պաղեստինյան պետության ստեղծման պայմանով, որի մայրաքաղաքը կլինի Արեւելյան Երուսաղեմը։ «Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին»,- շեշտել է Ալիեւը։

Այնուհետեւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակից Ալիեւը սահուն անցում է կատարել Ղարաբաղյան թեմային: Նա իր ելույթի մեծ մասը նվիրել է Արցախյան հակամարտությանը՝ Երուսաղեմի հարցով հավաքված մահմեդական առաջնորդներին հիշեցնելով «օկուպացված հինգ շրջանների», «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի» մասին: Ալիեւը հերթական անգամ վստահեցրել է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի «հայկական օկուպացիայի» հետ: «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»,- Ստամբուլում հավելել է Ալիեւը:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031