Մանկուց ծնողներս իմ մեջ մի համոզմունք են դաստիարակել, եւ այդ դասի համար ես նրանց առանձնահատուկ շնորհակալ եմ: Այդ դասը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Քո ուսուցիչները, քո ղեկավարները, քեզ շրջապատող մարդիկ, բոլոր նրանք, ումից այսպես թե այնպես կախված է ճակատագիրը, կարող են քեզ չսիրել, կարող են նախանձել, խանդել, քո մեջ թերություններ փնտրել, ուռճացնել քո վրիպումները եւ այլն: Բայց եթե դու լինես քո ուսման, քո գործի մեջ շատ լավը, ապա նրանք ստիպված կլինեն ընդունել քո արժանիքները: Պայմանականորեն ասած՝ եթե դու դասդ պատասխանում ես «4»-ի, նրանք կարող են քեզ «3» նշանակել, բայց եթե դու դասդ գիտես «5+»-ի, նրանք քեզ չեն կարող «5» չդնել»:
Եթե մենք մանուկ հասակից երեխաների մեջ ներդնենք այն համոզմունքը, որ բոլոր տեսակի մեծ ու փոքր ձախողումների համար պատասխանատու են միմիայն իրենք եւ էլ ուրիշ ոչ ոք, մենք, վստահ եմ, կապրենք այլ երկրում:
Այսօր ողջ հայ ազգը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ տաղանդավոր, աշխատասեր, բոլոր առումներով օրինակելի երիտասարդի ճակատագիրը: Ասում են, «Մանչեսթերի» մարզիչ Մոուրինյոն քեն է պահել մեր ֆուտբոլիստի հանդեպ եւ հիմա «մուռ է հանում», որ Մխիթարյանն իրեն՝ Մոուրինյոյին, լավագույն մարզիչ չի ճանաչել: Դրա համար էլ հայ ֆուտբոլիստին դուրս է բերել հիմնական կազմից: Հավատում եմ:
Բայց եկեք հարցին հակառակ կողմից նայենք. եթե Հենոն ցույց տար բացարձակ, անգերազանցելի, թիմին էական օգուտ բերող խաղ, մի՞թե Մոուրինյոն չէր զսպի իր վատ, քինախնդիր բնավորությունը եւ չէր ձգտի, որ Մխիթարյանի խաղը փառք բերի թե՛ «Մանչեսթերի» մարզչին եւ թե՛ իր ղեկավարած թիմին: Չեմ կասկածում, որ ինքը՝ Հենոն, դա բոլորից լավ է հասկանում, եւ դա նրա հետագա հաջողությունների գրավականն է «Մանչեսթերում» կամ որեւէ այլ առաջատար թիմում:
Երկրպագուներին դա դժվար է բացատրել: (Հիշում եմ, մոտ երկու տարի առաջ մեկից լսել էի՝ «Մոուրինյոն թուրքերից փող ա առնում, որ Հենոյին չխաղցնի»): Դա հայաստանյան մտածողության առանձնահատկությունն է, որի ձեւակերպումը հետեւյալն է. «Ես կդառնայի հաջողակ գործարար (դերասան, գիտնական, լրագրող, հացթուխ, «խադավիկ»), բայց ինձ խանգարում են «էս երկիրը», «էս կառավարությունը», «էս անարդարությունները», անմիջական շեֆս, գործընկերներս, Հայաստանի աշխարհագրական դիրքը, 100 տարի առաջ թուրքերի գործած ցեղասպանությունը»: Կարճ ասած, իմ անհաջողությունների համար պատասխանատու են բոլորը՝ բացի ինձնից:
…Մի տեղ կարդացի՝ եթե դուք կանգնել եք կարմիր լույսի տակ, իսկ հետեւից ձեզ մեքենա է խփել, դա ձեր մեղքը չի: Բայց դա ձեր պատասխանատվությունն է, որովհետեւ միայն ձեզնից է կախված, թե ինչպես եք դուք այդ հանգամանքում ձեզ պահելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լրջացեք ժողովուրդ,էլ բան ու գործ չունե՞ք….
Ուսանելի յօդուած է,, Կեցցէ՜ք
—
2003 թ-ին ընդունելութեան քննութիւններ պիտի տայի: Քանի որ հարուստ չենք եղել, ապա վճարովի սովորելս բացառւում էր: Մերոնք՝ դասական հայաստանեան ընտանիք, շատ էին անհանգստանում. «արդարութիւն չկայ, անվճար անցածներից շատերը կաշառքով են ընդունւում» եւ այլն: Ասում էի «Մա՛մ, ես 20 միաւորի համար եմ պայքարում, ինձ անվճարի անցողիկ շեմն ընդհանրապէս չի հետաքրքրում» 🙂
!
««Ես կդառնայի հաջողակ գործարար (դերասան, գիտնական, լրագրող, հացթուխ, «խադավիկ»), բայց ինձ խանգարում են «էս երկիրը», «էս կառավարությունը», «էս անարդարությունները», անմիջական շեֆս, գործընկերներս, Հայաստանի աշխարհագրական դիրքը, 100 տարի առաջ թուրքերի գործած ցեղասպանությունը»:»
Պատասխանի տարբերակ՝.
«Իմ անհաջողությունների համար պատասխանատու եմ ես, որովհետեւ կանգնեցի կարմիր լույսի առջեւ («տակ)»՝ ունենալով պատասխանատվության զգացում գրվաած օրենքի առջեւ»:
Հենրիխը Մ.Յու. է տղափոխվել 2016-ին: Ձեր այս իբր դաստիարակչական հոդվածն հրապարակելուց առաջ լավ կլիներ հանգամանքներին ծանոթանայիք: