Այսօր` դեկտեմբերի 18 –ին, Ստեփանակերտում, ամանորյա քաղաքի`«Կաղանդավան»-ի, բացման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություններով, տրվել է ամանորյա տոնակատարությունների մեկնարկը:
Մինչ այդ, Ազատության հրապարակից մեկնարկել է շքերթ և մասնակիցները ազգագրական երգերով ու պարով շարժվել են դեպի արարողության գլխավոր վայր:
Արդեն Վերածննդի հրապարկում օրվա գլխավոր հերոս` Կաղանդ Պապուն էր վերապահվել «Կաղանդավան»-ի բացման, ինչպես նաև գլխավորի տոնածառի լույսերի վառման պատիվը:
Aravot.am-ի հետ զրույցում մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ամանորյա քաղաքի գաղափարը իրագործումը, ինչը որ շատ տարածված է Եվրոպայում, Արցախում առաջին անգամն է:
«Այս տարի արդեն հասկացանք, որ պատրաստ ենք իրականացնել նման ծրագիր: 12 օր շարունակ այստեղ կազմակերպվելու է ամանորյա տոնավաճառ և տեղի է ունենալու մշակութային միջոցառումներ` ամեն օր ժամը 18:00-ից սկսած մեկ ժամ տևողությամբ մանուկների համար և մեկ ժամ` մեծահասակների համար»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ