ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական համացանցային Kanal 13 հեռուստաալիքի ղեկավար Ազիզ Օրուջևի դատավճռի կապակցությամբ:
Դեկտեմբերի 15-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Օրուջևին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ անօրինական ձեռնարկատիրության և լիազորության չարաշահման մեղադրանքով:
«Ես կոչ եմ անում իշխանություններին վերանայել Ազիզ Օրուջևի դատավճիռը և վերջ դնել նրա ազատության և անվտանգության համար վնասակար ճնշումներին,- ասել է Դեզիրը:- Ես հույս ունեմ, որ այս վճիռը կվերանայվի բողոքարկման գործընթացի ժամանակ»:
Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակում Դեզիրը հիշեցրել էր հրապարակումներն այն մասին, որ դատախազությունը Օրուջևի մեղքն ապացուցող որևէ վկայություն չի ներկայացրել դատարան, ինչպես նաև այն պնդումները, որ լրագրողը հետապնդման է ենթարկվել անկախ համարվող Kanal 13-ում իր աշխատանքի համար:
Դեզիրը նաև մտահոգություն է հայտնել լրագրող Աֆղան Մուխթարլիի ձերբակալության վերաբերյալ, որն ավելի վաղ առևանգվել էր Թբիլիսիում և հանձնվել Ադրբեջանի իշխանություններին:
«Չնայած այն լուրջ հրապարակումներին, որ Մուխթարլին ենթարկվել է հարձակման և առևանգվել է, Ադրբեջանում նրա դեմ լուրջ մեղադրանքներ են ներկայացվել, և ապացույցների բացակայության պարագայում նրան երկարատև կալանքի տակ պահելը մտահոգիչ է,- ասել է Դեզիրը: Ես կոչ եմ անում իշխանություններին հանել լրագրողի վրայից բոլոր մեղադրանքները և հարգել խոսքի ազատության իրավունքը»:
Մամուլի ազատության ներկայացուցիչը նաև նշել է, որ վերջերս սառեցվել են հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվները: Նա հիշեցրել է իշխանություններին, որ նրա նկատմամբ բռնի միջոցները, նրա անարդարացի ազատազրկման, հիմա էլ ճամփորդելու արգելքին զուգահեռ, ևս մեկ քայլ են, որոնք լրջորեն խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությանը:
Դեզիրը նաև իր հիասթափությունն է հայտնել՝ կապված Բաքվի վերաքննիչ դատարանի որոշման հետ՝ անփոփոխ թողնել բլոգեր Մեհման Հուսեյնովի դատավճիռը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ