«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն». Սերգեյ Առաքելյանի նոր գիրքը
«Չգիտեմ՝ ե՞րբ, ու՞մ կողմից, բայց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը անպայման պիտի գրվեր: Երջանիկ եմ, որ այդ բախտը հենց ինձ վիճակվեց, որովհետև մենք թատրոնի հետ գրեթե հասակակիցներ ենք. ես մեծացել եմ թատրոնի հետ, թատրոնի կողքին, թատրոնի մեջ և դեռ 4-րդ դասարանից հավաքել եմ նյութեր Օպերային թատրոնի մասին»,-հեղինակի խոսքերն էին՝ հնչած Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած շնորհանդեսին:
«Չափազանց երջանիկ եմ ներկայացնելու այս հանճարեղ գիրքը՝ գրված հանճարեղ մարդու կողմից: Սա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասին արժեքավոր տեղեկատվություն պարունակող հանրագիտարանային աշխատություն է : Այն մեր թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի լավագույն նվերն է»,- ասաց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ գրքի հրատարակությանն օժանդակելու համար իր երախտագիտությունը հայտնելով նաև Beeline ընկերությանը :
«Beeline-ը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք միտված են մշակութային ժառանգության պահպանմանն ու այն սերունդներին փոխանցելուն: Իսկ Երևանի օպերային թատրոնը Հայաստանի մշակութային պատմության կարևորագույն մասն է»,-նկատեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս գիրքը ոչ միայն պատմություն է, այլև ոգևորության առիթ է, որպեսզի մենք ևս ստեղծենք այս մշակույթին համարժեք մշակույթ, ապահովենք այս պատմության շարունակականությունը»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նաև հույս հայտնեց, որ Սերգեյ Առաքելյանի «ձեռամբ» կգրվի նաև Օպերային թատրոնի վերջին տասնամյակների ձեռքբերումների, Մաեստրո Օրբելյանի օրոք թատրոնի վերածննդի պատմությունը:
«Սերգեյը շատ զարմանալի ու «տարօրինակ մարդ է, զգույշ եղեք հետը: Բոլորիս մասին, ինչ ասես, ունի գրած,-կատակեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ հավելելով.
«Սերգեյ Առաքելյանի մոտ է գտնվում Սայաթ Նովային վերաբերող 2500 փաստ, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի , Շիրվանզադեի ձեռագրերը: Ես շատ եմ ուզում, որ մենք այնքան հասունանանք, որ եկող տարի հերթական սուպերմարկետը բացելու փոխարեն, բացենք մի շենք, որտեղ կպահպանվեն այդ նյութերը»:
«Եկող տարի ծրագրված է Սայաթ Նովայի թանգարանը բացել Հաղպատում, և մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք Սերգեյ Առաքելյանի հետ»,-արձագանքելով Երվանդ Ղազանչյանի դիտարկմանը, շտապեց տեղեկացնել նախարար Ամիրյանը:
ՀՀ մշակույթի նախարարություն