«Մեր պատվիրակությունները եվրոպական խորհրդարաններում արդեն իսկ բարձրաձայնում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հրատապ վավերացման անհրաժեշտության մասին: Մեկ այլ հրատապություն էլ առաջանում է Եվրախորհրդարանի 2019թ.-ի ընտրություններից: Մենք ցանկանում ենք, որպեսզի համաձայնագիրը վավերացվի մինչեւ այս Եվրախորհրդարանի ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչեւ 2019թ.-ի հունիս»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր Երեւանում կազմակերպած քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երբ կվավերացվի նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը, ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Այդ ժամկետը շատ բարդ է, բայց լավատես եմ, որովհետեւ անգամ Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում վավերացումը տեւեց 1,5-2 տարի: Ակնհայտ է, որ մեզանից մեծ ջանքեր են պահանջվելու»,-նկատեց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա, եւ դա վերաբերում է թե հայկական, եւ թե եվրոպական կողմին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ