Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսին Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գրանցվել էր դիակն անարգելու ու գերեզմանատեղին վաճառելու դեպք։ Այս պատմության մեջ ակամա ներքաշվել էր Շիրակի մարզի նախկին դատախազ, Արագածոտնի ներկայիս մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանը։
Նա առանց իմանալու, որ տվյալ տարածքում հուղարկավորված են երեք հարազատներ՝ իր մորը հուղարկավորել էր այնտեղ։ Նրա հարազատներին այդ գերեզմանը առաջարկել էին որպես ազատ տարածք, սակայն հետագայում պարզվել էր, որ գերեզմանափորները երեք հարազատներից մեկի դին գիշերով հանել-գցել էին ջրի մեջ ու տվյալ տարածքն էին տրամադրել իրենց։
Այս գործով կալանավորվել է մեկ անձ՝ Մկրտիչ Մելքոնյանը, որը մեղադրվում է խարդախության հոդվածով։ Սակայն նրա որդին՝ Սեդրակ Մելքոնյանը պնդում է, որ իր հայրն անմեղ է, գործն ուզում են բարդել իր հոր վրա, այսպիսով փրկելով պատասխանատուներին։ Նրանցից մեկը «Հավերժ հիշատակի» ղեկավար Կոստիկ Սարգիսի Ավետիսյանն է, իսկ մյուսը գերեզմանատան վարիչն էր, որը մահացել էր քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո։ Սեդրակ Մելքոնյանը օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նաև նեղվել էր, թե օբյեկտիվ քննություն չի ընթանում, ավելին իրեն ու իր հորը հարցաքննել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը։
«Ես գիտեի ինքն է քննչականի պետը, Շահբազյանը ինձ քննում էր, քննիչ Սամվելյան էլ գրի էր առնում, հետո իմացա, որ ինքը տուժողն է, գնորդն է, ավելի ճիշտ փողը տվողն է։ Դատախազը փող է տալիս, ինչի՞ է փող տալիս։ Ո՞ր իրավունքով է մեզ քննում, այն էլ կոպիտ բառերով», -ասել էր Սեդրակ Մելքոնյանը։ Վերջինս այս պատճառով բացարկ էր հայտնել քննչական մարմնին, սակայն արդյունքի չէր հասել։ Նա պահանջում է, որ գործը քննի Հատուկ քննչական ծառայությունը։
Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց նաև Շիրակի նախկին դատախազ, Արագածոտնի ներկայիս մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանից։ Այն պնդումը, թե ինքն է հարցաքննել Մկրտիչ Մելքոնյանին ու նրա որդուն, պարոն Շահբազյանը հերյուրանք որակեց։
«Դա հերյուրանք է, ես ի՞նչ իրավունք ունեմ քննություններին մասնակցել, քննիչ կա, ես՝ որպես տուժող կողմ գտնվել են այնտեղ, բոլորի հետ եմ զրուցել, գերեզմանափորերի հետ էլ եմ զրուցել։ Տուժող կողմ ես, հետաքրքիր է՝ ինչ է կատարվել, հատկապես որ իմ մոր գերեզմանն է, սակայն բացառված է իր ասածը, թե ես եմ հարցաքննել իրենց։ Այդ դեպքը ե՛ս եմ բացահայտել, այդ աղջիկն ինձ զանգեց, ասաց՝ գիտեք ինչ, մեր գերեզմանոցում ձեր մայրն է թաղված, ես այդ զանգից եմ տեղեկացել, որ այնտեղ գերեզման կա, դրանից հետո ես եմ պարզել, որ դիակը չկա։ Ես որպես տուժող կողմ՝ հետևողական եմ լինելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Կատարվածն աններելի է, հատկապես ավանդույթ ունեցող Գյումրիում։ Մկրտի՞չն է մեղավոր, Մուշե՞ղը, թե՞ մյուսը, մեղավորը պիտի պատասխան տա։ Ինձ համար կարևորը օբյեկտիվությունն է, որպեսզի իմանամ, հասկանամ, թե ո՞վ կազմակերպեց, ո՞վ հովանավորեց այս գործողությունները։ Ես ոչ մեկին չեմ ճանաչել, մենք գերեզման էլ չենք ունեցել, դիմել եմ, որ մամաս մահացել է, օրինական կարգով գերեզմանատեղի տրամադրեն։ Այս հարցով զբաղվել է իմ մորաքրոջ որդին։ Նրա ձեռքից գումար են տարել, թե բետոնապատ տարածք կա, այսինքն` աշխատանք է կատարված ու բետոնի արժեքն են ուզել։ Իհարկե, ես հետո եմ իմացել, որ նրանից բետոնապատման աշխատանքի գումար են ուզել։
Կատարվածը սրբապղծություն է, այս քաղաքն ափսոս է, բա նման սրբապղծությունը սազո՞ւմ է Գյումրիի նման ավանդույթներ ունեցող քաղաքին։ Իմ ընտանիքին հոգեբանական ծանր հարված եղավ, նայեք նաև մյուս կողմին, ո՞ւր է դին, դժբախտություն է սա», -ասում է Կարեն Շահբազյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչ անվայել և խայտառակ պատմութիւններ