«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ լինեն եւ որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին վերջ տրվի: Այդ նպատակով երկու կողմերից էլ քայլեր պետք է լինեն»,-Երեւանում այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ անդրադառնալով ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությանը, ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:
Նրա բնորոշմամբ՝ չպետք է դադարեցնել բանակցությունները Ռուսաստանի հետ. «Կարծում եմ՝ մենք լավ ճանապարհի վրա ենք, բայց որոշ խոչընդոտներ կան: Խնդիր ունենք Ուկրաինայի պատճառով: Այդ խնդիրը դեռեւս լուծված չէ: Այդ պատճառով մեր միջեւ լարվածությունը չի կարողանում վերանալ»: Պատգամավորը համոզված է՝ ԵՄ-ի եւ ՌԴ-ի կողմից միաժամանակյա կառուցողական մոտեցումներ պետք է լինեն:
Ինչ վերաբերում է Գերմանիա-Թուրքիա հարաբերություններին, ապա Ալբերտ Վայլերը դրանք որպես «շատ լարված» է բնորոշում: Նա նկատում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն առանձնապես շատ բան չի անում՝ այդ լարվածությունը վերացնելու համար: Գերմանացի պատգամավորները շատ դժգոհ են, բայց թուրք պատգամավորները եւս դժգոհ են: Գերմանիայում մի քանի միլիոն թուրք է ապրում, որոնք ազգականներ ունեն Թուրքիայում: Այս իրավիճակը նրանց վրա էլ է ազդում, բայց մենք մտադիր չենք թուրքերին միակողմանի զիջումներ անել: Եթե Թուրքիայում անարդարացիորեն գերմանացիներ են բանտարկվում, մենք դա չենք հանդուրժի»:
Ալբերտ Վայլերը հույս հայտնեց՝ Էրդողանը կհասկանա, որ անհրաժեշտ է նպաստել Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավմանը. «Այստեղ օգտակար կարող է լինել Ռուսաստանը, որի հետ համատեղ կարող ենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ