Նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի շուրջ այսօր Երեւանում կազմակերպված քննարկման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին գործակցության առաջարկով դիմեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը:
Նա տեղեկացրեց՝ իր ղեկավարած կառույցը երկու տասնամյակից ավելի՝ զբաղվում է Արցախյան հակամարտության ժամանակ անհետ կորած հայորդիների ճակատագրով, սակայն Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է երկխոսել:
«Մեր կողմից գործակցելու բոլոր փորձերն ավարտվել են Ադրբեջանում իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալություններով…Եթե գերմանական կողմը միջամտի, մեր կառույցը պատրաստ է լինել ամենառիսկային գոտիներում: Անհայտ կորածների հարցը մնում է որպես չսպիացած վերք»,-դիմելով գերմանացի պատգամավորին՝ ասաց տիկին Ալավերդյանը:
Ալբերտ Վայլերն այսպես արձագանքեց. «Հասկանում եմ ձեզ, ինքս ունեմ պապիկ, որը չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից: Նա թաղված է ինչ-որ տեղ՝ ռուսական հողում: Տատիկս կուզենար, որ նա հայրենի գյուղում թաղված լիներ, անգամ տեղը չգիտենք…»: Ապա դառնալով Ադրբեջանին՝ պատգամավորը նշեց. «Մենք երկխոսում ենք Ադրբեջանի հետ, բայց գիտեք՝ որքան բարդ է խոսել Ադրբեջանի հետ, երբ խոսքը գնում է ՀՀ-ի մասին: Խիստ դիվանագիտորեն պետք է գործել, չնայած՝ այդպես էլ անում ենք, բայց որոշ դեպքերում ավելի զուսպ պետք է լինենք: Դանդաղ քայլերով պետք է առաջ գնանք»:
Ապա Ալբերտ Վայլերը վստահեցրեց՝ անձամբ կանի հնարավորը, որպեսզի անհետ կորածները վեջին հանգրվանը «գտնեն» հայրենիքում. «Եթե գիտենք, թե որտեղ է զոհված անձը, նա իրավունք ունի «վերադառնալու» հայրենիք, անգամ եթե այլեւս չի ապրում…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ