Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ այսօր վատացավ ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանի ինքնազգացողությունը: Դատարանի կարգադրիչների կողմից հրավիրեց Շտապօգնություն: Բուժանձնակազմը արձանագրել էր՝ Չիչոյանի արյան ճնշումն է բարձրացել:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը մեկ ժամ ժամանակ էր տրամադրել փաստաբան Միհրան Պողոսյանին, որ ներկայացնի իր միջնորդությունները: Չիչոյանի ինքնազգացողությունն էլ վատացավ հենց այդ մեկ ժամվա ընթացքում: Դատական նիստը վերջինիս առողջական խնդիրների պատճառով հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 25-ը, թեեւ մեղադրող դատախազն ու մի քանի պաշտպաններ հայտնեցին, որ այդ օրն իրենց հարմար չէ մասնակցել նիստին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Ա.Չիչոյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Յու.Հակոբյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ