Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բասկետբոլային նոր բում է սկսվել

Դեկտեմբեր 18,2017 20:44

Այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը եւ «Ուրարտու» ակումբի եւ Հայաստանի հավաքականի խաղացող Էդգար Բաբայանը հանդիպեցին լրագրողների հետ:

Արա Պողոսյանն ընթացիկ տարին Հայաստանի համար գնահատեց որպես բասկետբոլային: Տարբեր տարիքային վեց հավաքականներ մասնակցեցին պաշտոնական միջազգային մրցաշարերի եւ նկատելի հաջողություններ գրանցեցին: 2017 թվականից անցկացվում են «Ա» լիգայի եւ Հայաստանի պատանեկան առաջնություններ, ինչի մասին ոչ վաղ անցյալում երազել անգամ չէինք կարող:

«Ա» լիգայի առաջնությունում, որին մասնակցում է յոթ թիմ, առաջին շրջանն ավարտվել է: «Չորս ակումբ ներկայացնում է Երեւանը, երկուսը, «Շիրակը» եւ «Արթիկը»՝ մարզերը եւ մեկը՝ Արցախը: Չորս ուժեղագույնները կխաղան փլեյ-օֆֆում: Բացի ակնհայտ առաջատար «Ուրարտուից», այս փուլին հավակնում է եւս հինգ ակումբ: Առաջնությունով հետաքրքրված են երկրպագուները, խաղերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ եւ համացանցով: «Ա» լիգայի շնորհիվ ազգային հավաքականի մի շարք բասկետբոլիստներ այսօր խաղային պրակտիկա են ձեռք բերում: Հիմա հովանավորներ էլ կան: Իսկ մինչեւ վերջերս հայկական բասկետբոլի անունը լսելիս նրանցից շատերի դեմքին ժպիտ էր հայտնվում», – ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Արա Պողոսյանը խոսեց նաեւ խնդիրների մասին: «Իհարկե, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ շատ դժվարություններ, սակայն մենք տրամադրված ենք առաջ շարժվելու: Մրցավարության հետ կապված խնդիրներ ունենք, որի մակարդակն այնքան էլ բարձր չէ: Ցանկանում ենք եվրոպացի մասնագետների հրավիրել, որպեսզի սովորեցնեն տեղի մրցավարներին: Հատկապես մարզերում մարզիչների պակաս է զգացվում: Չկա նյութատեխնիկական բազա: «Շիրակը» եւ «Արթիկը» տնային հադիպումները անմխիթար պայմաններում են անցկացնում: Գնդակը հատակից անդրադառնում է մի քանի մետր այն կողմ:

Կողքից նայողին թվում է՝ բասկետբոլիստը գնդակի հետ վարվել չգիտի: Դա ակումբների ցավն է: Մարզադահլիճների խնդիրը ֆեդերացիայինը չէ, առանց այն էլ օգնում ենք ակումբներին ինչքանով կարող ենք: Ենթակառուցվածքը քաղաքներինն է եւ պատկան մարմինները կարող են ուշադրությունը հրավիրել խնդրին եւ օգնել վերանորոգման հարցերով: Իհարկե, եթե ցանկանում են բասկետբոլն իրենց քաղաքներում եւ մարզերում տեսնել: Լավ օրինակ է Արցախը: Ստեփանակերտում իրենց ուժերի եւ հնարավորությունների սահմաններում կարգի բերեցին բասկետբոլային հրապարակը: Հիմա այնտեղ մեծ մարզադահլիճ են կառուցում , որը 1-1.5 տարի անց կսկսի գործել: Կարծում եմ՝ Գյումրին եւ Արթիկը նույնպես արժանի են ունենալ թեկուզ համեստ պայմաններ: Այնտեղ գործող ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղալ, բայց մենք այլ ելք չունենք»,-ասաց Արա Պողոսյանը:

ՀԲՖ փոխնախագահը տեղեկացրեց նաեւ, որ կանոնավոր առաջնության ավարտից հետո ֆեդերացիան նախատեսում է «Ա» լիգայի բոլոր աստղերի հանդիպում կազմակերպել տեղացի ու արտասահմանցի խաղացողներից կազմված հավաքական թիմերի միջեւ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031