Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետը որոշել է՝ ակտ պետք է գրվի». երիտասարդ գործարարները հարկայինին դատի են տվել ու հաղթել

Դեկտեմբեր 18,2017 20:33

Երեւանից Դիլիջան տեղափոխված երկու երիտասարդ աղջիկ դեռ մեկ տարի էլ չկար, որ «Caffeine Brew Lab» սրճարանն էին հիմնադրել, երբ հարկային ծառայության տեսուչները նրանց «ավետեցին» տուգանման մասին:

Սրճարանի հիմնադիրներից Մարիամ Սինանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ  տուգանման պատճառ է եղել այն, որ հարկային մարմնին հաշվետվությունն ընդամենը րոպեների տարբերությամբ չի հասցրել ներկայացնել, այն էլ՝ ոչ իր մեղքով:

Մարիամն ասաց, որ սրճարանը գործում է արտոնագրային վճարով, սա  նշանակում է հարկատուն պետք է մինչեւ ամսվա վերջին օրը ներկայացնի հարկային վճարի մասին բանկային կտրոնն ու արտոնագրային վճարի մասին հայտարարություն՝ հատուկ ձեւաչափով, որպեսզի թույլտվություն ստանա հաջորդ ամիս էլ գործունեություն  ծավալել:

«Կարծեմ հուլիս ամսվա վերջին օրն էր, հարկը  վճարեցի ու գնացի Դիլիջան քաղաքի հարկային տեսչություն, որտեղ միշտ ներկայացնում էի հաշվետվությունը: Դուռը փակ էր, տեսչությունն աշխատում է մինչեւ ժամը 17:00-ն, ես ժամը 16:45-ին էի տեսչությունում: Կողքի սենյակից մի կին ասաց, որ տեսչությունն այլեւս այդտեղ չի նստում, տեղափոխվել է Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի հարկային տեսչության շենք: Դե, բնականաբար, այդ ժամին ես չէի հասցնի գնալ Իջեւան ու ներկայացնել հաշվետվությունը»,-պատմեց Մարիամը:

Մարիամի պատմելով՝ չհասցրեց հաշվետվություն ներկայացնել ուրբաթ օրը, հաջորդ օրերը ոչ աշխատանքային էին, բայց սրճարանը այդ օրերին աշխատել է, ՀԴՄ կտրոն էլ տպել են, քանի որ իրենք հարկը վճարել էին: Արդեն երկուշաբթի օրը Մարիամը փոստով ուղարկել է հաշվետվությունը:

«Մի քանի օր հետո Իջեւանից հարկային տեսուչներ եկան, ասացին, որ մենք շաբաթ-կիրակի օրերին անօրինական գործունեություն եք ծավալել, քանի որ հաշվետվություն չենք ներկայացրել: Սա, իհարկե, անհեթեթություն է, քանի որ վճարել էինք հարկը, եւ եթե ուզենային անօրինակ գործել, ապա ոչ հարկ չվճարեինք, ոչ էլ՝ ՀԴՄ կտրոն կտպեինք: Ընդ որում, հարկային ծառայությունը հայտարարություն չի էլ տարածել, որ Դիլիջանի գրասենյակը տեղափոխվել է Իջեւան քաղաք: Տեսուչները լսեցին մեզ, ապա ես  արձանագրություն գրեցի, թե ինչպես է եղել, ինչո՞ւ չեմ ներկայացրել»,-ասաց Մարիամը:

Հարկային տեսուչները եղելությունը լսելուց հետո սրճարանի հիմնադիրներին ասել են, որ նախ պետք է պետին ներկայացնեն պատմությունը, պետը պետք է որոշում կայացնի՝ ակտ գրե՞լ, թե՝ ոչ: Հետո, ինչպես Մարիամը պատմեց, այդ տեսուչները այցելել են սրճարան ու ասել՝ «Չէ, պետը որոշել է՝ ակտ պետք է գրվի: Եվ 190 հազար դրամի ակտ գրեցին»:

Երիտասարդ աղջիկներն, իհարկե, չեն հաշտվել այդ տուգանքի հետ, եւ իրենց փաստաբան՝ Գեւորգ Սլոյանի միջոցով դիմել են դատարան, որտեղ հայցն ընդունվել է սեպտեմբերին:  Նոյեմբեր ամսին դատարանը որոշում է կայացրել հօգուտ երիտասարդ գործարար-աղջիկների: Դատական գործընթացը հարթ է ընթացել, բայց վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մի քանի օրից, եթե հարկային ծառայությունը չբողոքարկի: Իսկ այս գործով փաստաբանը կարծում է, որ դժվար թե բողոքարկեն, քանի որ հիմքեր չունեն:

Մարիամն ասաց, որ խնդիրն այդ 190 հազար դրամը չէր, այլ հարկայինի անհիմն մեղադրանքը. «Եվ իհարկե, հաճելի է, որ նման պայքարում հաղթել ենք»:

Հենց այս պայքարի համար էլ օրերս հակակոռուպցիոն մրցանակաբաշխության ժամանակ «Caffeine Brew Lab» սրճարանն օրերս «Տարվա բիզնես» մրցանակն է ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ սրճարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031