Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաձեւության ժուռնա՞լ», թե՞ դատական օրենսգիրք (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 20:20

ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց ՀՀ դատական օրենսգրքի շուրջ հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին բազմաթիվ հարցեր ուներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրան շատ էին մտահոգում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու հիմքերը: Ինքը կարծում է, որ նման հիմք պետք է լինեն նաեւ ՄԻԵԴ վճիռները:

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է եւ իր իսկ փաստմամբ, վերջին շրջանում ընդդեմ Հայաստանի հանրապետության վճիռները շատացել են:

Դավիթ Հարությունյանին հետաքրքրում էր`այլ երկրներում նման փորձ կիրառվե՞լ է: «Պարոն Հարությունյան, ես շատ ուրախ եմ, որ Դուք զուտ փորձի հիման վրա եք որոշում կայացնում, բայց ինքներս հիմքեր ենք տեսնում Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա պրոցեսներ սկսելու: Դատավորը որոշում է կայացնում, պայմանական ասենք՝ 3 տարի հետո եվրոպական դատարանը որոշում է կայացնում, որն, ըստ ՄԻԵԴ-ի` շատ սխալներով է: Բայց չէ՞ որ անցել է մեր 3 ատյաններով, իսկ այդ գործերի դատավորը շարունակում է  դատավոր աշխատել: Պետք է հասկանալ՝ սա մեր երկրին պե՞տք է, թե՞ ոչ: Եկեք նաև քաղաքականություն մշակենք, միայն փորձով չէ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Գեւորգ Կոստանյանը նաեւ նկատեց` ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որոնք միմյանց են հակասում, ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային են հակասում:

Մանրամասները`տեսանյութում

Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին` կառավարությունը երկու օր առաջ բավականին ծավալուն օրակարգ է ուղարկել հանձնաժողով, ժամանակը չի բավականացնում լիարժեք ծանոթանալու եւ քննարկելու համար: Գեւորգ Կոստանյանն էլ համամիտ է ընդդիմադիր գործընկերների հետ. «Ժամանակը քիչ էր, էս օրենքը վեց ամիս որ կարդանք, դեռ ուսումնասիրության տեղ ենք ունենալու»:

Մինչ այդ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսպիսի բնութագիր էր տվել. «Ոնց որ մենք նորաձեւության ցուցադրության ժուռնալ թերթենք: Այս առանցքային օրենքներին ո՞նց 2-3 օրում ծանոթանանք: Էդ մենք մեզանից ի՞նչ ենք ներկայացնում, որ այս կարճ ժամանակում պատրաստվենք, խելամիտ  բացատրություններ ու խնդրահարույց կետերը միանգամից վեր հանենք»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ է ստեղծվում սնանկության դատարանը: Ասում է` նախկինում սնանկության դատավորներն ունեին ամենաքիչ ծանրաբեռնվածությունը եւ ճոխություն է համարում այս ծանրաբեռնված դատական համակարգում նրանց առանձնացնելը. «Ի՞նչ կլիներ, եթե այս դատավորները գոնե 30 տոկոսով վարեին նաեւ քաղաքացիական գործեր»:

Նախարարը համամիտ չէ` վերջին 4-5 տարիների ընթացում սնանկության գործերի թիվն էապես աճել է. «Նաեւ` սնանկության գործերով զբաղվող 30 դատավորները երբեք թերծանրաբեռնված չեն եղել, քանի որ  քաղգործեր էլ են քննել: Մեր հաշվարկը թույլ տվեց վեր հանել, թե քանի դատավոր 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ կարող են փոխարինել այդ 30 դատավորներին, որոնք այսօր քննում են սնանկության և քաղաքացիական գործերը: Մի առանձնահատկության մասին էլ կցանկանամ խոսել. բանն այն է, որ քաղգործը, որն առնչվում է սնանկությանը վարույթին, քննվելու է հենց այս դատավորների ենթակայության ներքո: Կարծում եմ՝ 12 դատավոր ունենալը համարժեք թիվ է, սակայն, եթե սնանկության գործերի տենդենցն այսպես շարունակվի, ապա  պետք կլինի ավելացնել: Ամեն դեպքում մենք աշխատում ենք ծայրահեղ դեպքում ավելացնել դատավորների թիվը»:

Էդմոն Մարուքյանին չի բավարարում նաեւ փաստաբաններին եւ փաստաբանական գործունեությանը վերաբերվող դրույթը: Ասում է`այս փոփոխություններով վտանգի տակ ենք դնում այդ ինստիտուտը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031