Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը՝ լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգման առթիվ:
Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:
Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ