Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործն ուզում են ջարդել հորս վրա»․ Գյումրիում դիակն անարգել ու գերեզմանը վաճառել են Շիրակի նախկին դատախազին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 19:25

Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսին Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գրանցվել էր դիակն անարգելու ու գերեզմանատեղին վաճառելու դեպք։ Գյումրի քաղաքի բնակչուհիներից մեկն, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել էր, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

Դիակն անարգելու փաստով հարուցվել էր քրեական գործ, նախաքննության ընթացքում նաև տվյալներ էին ձեռք բերվել, որ երկու անձ խարդախությամբ գումար են հափշտակել գերեզմանոցի տեղը հատկացնելու համար։

Նրանցից մեկը՝ «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել էր, նա այժմ պայմանական ազատ է արձակված, իսկ մյուս անձը՝ գերեզմանատան վարիչը մահացել էր։ Այս պատմության մեջ ակամա ներքաշվել էր Շիրակի մարզի նախկին դատախազ, Արագածոտնի ներկայիս մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանը։

Նա առանց իմանալու, որ տվյալ տարածքում հուղարկավորված են երեք հարազատներ՝ իր մորը հուղարկավորել էր այնտեղ։ Նրա հարազատներին այդ գերեզմանատեղին առաջարկել էին որպես ազատ տարածք, սակայն հետագայում պարզվել էր, որ գերեզմանափորները երեք հարազատներից մեկի դին գիշերով հանել-գցել էին ջրի մեջ ու տվյալ տարածքն էին տրամադրել իրենց։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել այս փաստով կալանավորված միակ անձի՝ Մկրտիչ Մելքոնյանի որդին՝ Սեդրակ Մելքոնյանն ու նրա շահերի պաշտպան՝ Հայկ Հարությունյանը՝ պնդելով, որ նրան կալանավորել են անհիմն, առանց բավարար ապացույցների։ Թե ի՞նչ առնչություն ունի տաքսու վարորդ Մկրտիչ Մելքոնյանը տվյալ գերեզմանի վաճառքի հետ, փաստաբան Հայկ Հարությունյանի ներկայացմամբ, նրա կնոջ ծնողների գերեզմանը գտնվում է վաճառված գերեզմանի կողքը։

Մկրտիչ Մելքոնյանը, տեսնելով, որ կողքի գերեզմանը աղբի մեջ թաղված է ու մտածելով, որ տեր չունի, անընդհատ դիմել է «Հավերժ հիշատակի» ղեկավարությանը՝ խնդրելով գալ ու մաքրել այն։ Մինչդեռ, ըստ բանախոսների, «Հավերժ հիշատակի» ղեկավար Կոստիկ Սարգիսի Ավետիսյանն ու գերեզմանատան տնօրենն աղբի մեջ թաղված գերեզմանը վաճառելուց հետո, իրենց հանցանքը բարդել են Մկրտիչ Մելքոնյանի վրա։

«Հավերժ հիշատակի» ղեկավարը ցուցմունք է տվել, թե որպես գերեզմանի տեր ներկայացել է Մկրտիչ Մելքոնյանը, նա է վաճառել ու գումար պահանջել, իրենք էլ գումարը տարել ու տվել են Գյումրի բժշկական կենտրոնում բուժվող Մկրտիչ Մելքոնյանին։ Փաստաբան Հայկ Հարությունյանը, սակայն, ցույց է տալիս բժշկական տեղեկանքն առ այն, որ Մկրտիչ Մելքոնյանը վիրահատվել ու բուժումը ստացել է ոչ թե Գյումրի բժշկական կենտրոնում, այլ Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում»։

Նախաքննական մարմինը, ըստ փաստաբանի, նույնիսկ այս փաստը չի ստուգել․ վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով։ Ավելին, փաստաբանը պնդում է, որ այս գործով անցնող մեղադրյալների ու վկաների ցուցմունքներում որևէ տեղ չկա իր վստահորդի անունը, անգամ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանի հարազատները նրան չեն տեսել։

«Ասեմ, որ մինչև օրս որևէ մի կոնկրետ ապացույց չի ներկայացվել Մկրտիչ Մելքոնյանի դեմ, իսկ կալանքն ավելի շատ հանդիսանում է պատիժ։ Այսինքն` իմանալով, որ տարիքն ու առողջական խնդիրները կարող են ազդել Մկրտիչ Մելքոնյանի վրա, նա էլ կալանքից ազատ արձակվելու պայմանով կարող է ընդունել մեղքը, իրենք ուզում են հասնել նրան, որ ընդունի մեղքը, իրենք էլ գործը համարեն բացահայտված։ Գործով ձեռք բերված ապացույցներով, հենց քննիչի ներկայացրած ապացույցներով կոնկրետ Կարեն Շահբազյանը՝ Շիրակի մարզի նախկին դատախազը, որ գերեզմանատեղ է ցանկացել ունենալ, ում հետ որ պայմանավորվել է, այդ պայմանավորվածությունների մեջ որևէ տեղ չկա Մկրտիչ Մելքոնյանի անունը։

Մի տեղ շոշափվում է, որ Կարեն Շահբազյանի հարազատներին, բարեկամներին որպես գերեզմանի տեր ներկայացրել են այլ անձի, որն իբր Մկոյի որդին է։ Մկոյի որդին Սեդրակն է, գործով ևս ապացուցվել է, որ ինչ-որ Իսո անունով մեկին են բերել, ներկայացրել որպես Մկոյի որդի։ Գործով անցնող այլ մեղադրյալներ ու վկաներ կան, օրինակ գերեզմանափորեր, որոնցից ոչ մեկը Մկրտիչ Մելքոնյանին որևէ գործարքի մեջ չի տեսել։ Մկրտիչ Մելքոնյանին կալանավորել են «Հավերժ հիշատակի» տնօրենի ցուցմունքի հիման վրա, որ իրենք փողը վերցրել, այլ անձի են փոխանցել ու այդ անձը Մկրտիչ Մելքոնյանն է»,-ասաց փաստաբանը։

Մկրտիչ Մելքոնյանի որդին՝ Սեդրակ Մելքոնյանն էլ պնդում է, որ իրեն ու իր հորը հարցաքննել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը։ «Ես գիտեի ինքն է քննչականի պետը, Շահբազյանը ինձ քննում էր, քննիչ Սամվելյան էլ գրի էր առնում, հետո իմացա, որ ինքը տուժողն է, գնորդն է, ավելի ճիշտ փողը տվողն է։ Դատախազը փող է տալիս, ինչի՞ է փող տալիս։ Ո՞ր իրավունքով է մեզ քննում, այն էլ կոպիտ բառերով», -հարցնում է Սեդրակ Մելքոնյանը։ Վերջիններս այս պատճառով բացարկ են հայտնել քննչական մարմնին, սակայն արդյունքի չեն հասել, նրանք պահանջում են, որ գործը քննի Հատուկ քննչական ծառայությունը։

Մենք այս թեմայի շուրջ նաև լսել ենք Կարեն Շահբազյանին, նրա պարզաբանումները կներկայացնենք քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031