ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ՀՀ-ի քսանհինգամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն արձանագրել է դրական զարգացումներ:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վերջին տարիներին հայ խաղաղապահների առաքելությանը՝ կարեւորելով Հայաստանի մասնակցությունը աշխարհի տարբեր ծայրերում խաղաղության պահպանմանը:
Արա Բաբլոյանը, խոսելով 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, նշել է, որ այն Վստահության հիմնադրամի գործարկման հիմքն է:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, պաշտպանության ոլորտում խորհրդարանի վերահսկողության ամրապնդմանը եւ ԶՈւ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, զարգացնելու եւ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը վերաբերող փոփոխությունները:
Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի նպաստ կայունության եւ անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է այցելել ՀՀ Ազգային ժողով:
Տիկին Գոթեմոլլերը ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացումը:
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին՝ Ռոուզ Գոթեմոլլերը կարեւորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վստահության հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը, որոնք մասնավորապես վերաբերում են հին զինտեխնիկայի ոչնչացմանը, տարածքների ականզերծմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է համագործակցության խորհրդարանական ձեւաչափի աշխուժացման անհրաժեշտությունը:
Տիկին Գոթեմոլլերը շնորհակալությունն է հայտնել հայկական կողմին ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու եւ աշխարհի տարբեր անկյուններում իրենց խաղաղապահ առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:
ՀՀ Ազգային ժողով