Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին, Վրաստանի տարածքում հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը։ Վրաստանի իրավապահների հետ, արդեն ավանդույթ դարձած համակարգված աշխատանքը կրկին արդյունավետ էր, և փոխլրացնող գործողությունների շնորհիվ մեկ անգամ ևս, հանցավորության դեմ համատեղ պայքարում դրական արդյունք տվեց։ Այսօր, վրաց գործընկերների հետ քննարկվում է Պյոտր Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։
Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:
1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:
Մնում է միայն հավելել, որ ավազակային հարձակման բոլոր մասնակիցները հայտնաբերված են։ Չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ հետախուզվողի հայտնաբերումը ժամանակի հարց է։ Ոստիկանությունը հետևողական է։
ՀՀ ոստիկանություն