«Ելք»-ի անդամ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը ՌԴ-ից շատ վատ կրկնօրինակում էր:
«Ինքն իր մեջ արդեն ունի որոշում, թե ինչպես է վարվելու 2018թ.` կդնի՞ իր թեկնածությունը որպես ՀՀ վարչապետ, թե՞ ոչ։ Երկու բացասական բան է լինելու եկող տարի` Սերժ Սարգսյանն իր խոսքին հերթական անգամ չի հետեւի՝ այն հայտարարությանը, որ չի հավակնելու այդ պաշտոնին։ Եվ 2-րդը` հարված ժողովրդավարությանը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ալեն Սիմոնյանը:
ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը նախագահի հարցազրույցի կարեւոր ազդակներն առանձնացրեց. «Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերին պատասխան տրվել է այդ հարցազրույցի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի` նրա որոշմանը, ապա դա կլինի կուսակցականների ընդհանուր որոշմամբ։ Նաեւ` եկող տարի կառավարման մեխանիզմն առավել արդյունավետ պետք է դարձնել։ Ինչ վերաբերում է վարչապետ դառնալու մասին իր որոշմանը, ապա Սերժ Սարգսյանը, որ կարող ուժ է, մի՞թե նա չպետք է ոչինչ անի, երբ եղել է ժամանակին բավականին պատասխանատու պաշտոնների»։
«Նոր Բրեժնեւ չունենանք։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ զիջել են իրենց աթոռը, որ երկիրն առաջընթաց ունենա։ Սերժ Սարգսյանի ճանապարհը ծաղիկներով ու դափնիներով չի եղել. հիշենք հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, ապրիլյան պատերազմը։ Խոսում եք սերնդափոխությունից, նկատի ունեք Աշոտյանի՞ն, Ֆարմանյանի՞ն, Շարմազանովի՞ն։ Հլը, ԱԺ ձեր ցուցակը նայեք` կոմունիստական, պարտիական։ Կամ` մաեստրո՞ն է նոր սերունդ։ Մեր երկրի վերջին իշխողները լեգիտիմ չեն եղել»,- հակադարձեց Ալեն Սիմոնյանը:
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ շարունակեց. «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ՀՀԿ վատ աշխատանքի, ձախողման մասին է։ Պարոն Մինասյան, դուք որ դուրս եկաք ԱԺ-ից, ձեզնից լավը չեկավ»:
«Պիտի աշխատեն, որ սովորեն»,- հակադարձեց Մկրտիչ Մինասյանը, ինչին ի պատասխան պարոն Արշակյանը հավելեց.
«ԱԺ-ն տրինաժոր չի…Եթե տնտեսությունը չի աշխատում, տնտեսական աճը որոշվում է ունիվերմագներով, էլ ի՞նչ ասես»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ից