Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն չի բացառում գործակցությունը ՌԴ-ի հետ». Ալբերտ Վայլերը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Դեկտեմբեր 18,2017 17:54

«Մտադիր ենք օժանդակել ՀՀ-ին իր ջանքերում՝ զարգացնելու տնտեսական ներուժը»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր Երեւանում կազմակերպած  քննարկման ժամանակ անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական բարեփոխումների գործընթացը կթեթեւանա, երբ մեր երկիրը կկարողանա բարելավել տնտեսական զարգացման նախապայմանները: «ԵՄ-ն մտադիր է նպաստել, որպեսզի ՀՀ-ն վարի  մակրոտնտեսական քաղաքականություն: Մեզ համար կարեւոր է գների կայունությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկի անկախությունը: Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի վերացմանը, ապա մենք ունենք նման նպատակ: Անհրաժեշտ պահին ՀՀ-ի համար այդ հնարավորությունը կառաջանա, երբ կատարված կլինեն նախապայմանները»,-ընդգծեց պատգամավորը:

Ալբերտ Վայլերը կարեւորում է ՀՀ-ում ձեռնարկությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը. «Այս հարցում ԵՄ-ն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ: Գերմանացի ձեռնարկատերերը ակնկալում են, որ ՀՀ-ում կլինեն ապահով տնտեսական միջավայր եւ հստակ իրավական-հարկային պայմաններ: Այս իմաստով դեռ շատ բան պետք է արվի, թեեւ արտասահմանյան ներդրումների համար «համեղ» մթնոլորտ արդեն նկատվում է»:

Վայլերի գնահատմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կխթանի ԵՄ ներդրումները ՀՀ-ում. «Մենք կգործակցենք ՀՀ-ի հետ՝ իրականացնելու համար ՓՄՁ-ների զարգացումը: Հատկապես կարեւոր են արհեստագործական ձեռնարկությունները: Վերջերս գերմանական ընկերություններից մեկին շահագրգռեցինք, որպեսզի Հայաստան «գա»: Սա հաջողված տնտեսական երկխոսության օրինակ է»:

Տնտեսական գործակցության համատեքստում Բունդեսթագի պատգամավորն անդրադարձավ նաեւ մտավախություններին, որ համաձայնագիրը խանգարելու է ռուսական շահերին:

Նա ընդգծեց. «Մեր՝ ԵՄ-ի հարեւանության քաղաքականությունն ուղղված չէ որեւէ երկրի դեմ: Դա մի քանի անգամ շեշտել է նաեւ Անգելա Մերկելը: ԵՄ մոտեցումը չի բացառում գործակցությունը ՌԴ-ի հետ: Ուրախ եմ, որ ՀՀ-ն մոտենում է Եվրամիությանը: Պատրաստ ենք ՌԴ-ի հետ քննարկել այն հարցերը, որոնք նրան անհանգստացնում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031