«Ընտանիքի կյանքի որակի և արժանապատիվ ապրելու հեռանկարը 2017-ին առանձնապես չի կարգավորվել, իսկ 2018-ին դեռ մշուշոտ է, քանի որ աղքատության, գործազրկության մակարդակները չեն նվազել»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտարարեց ՀՀ Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սպասվում են թանկացումներ:
Պարոն Մակարյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություն են իրականացրել 35 ձեռնարկությունների շրջանում: Ներկայացրեց արդյունքները. «Հիսուն տոկոսը համարում է, որ որոշակի բաներ արվում են, համարյա կեսը դրանք չի նկատում, մի մասն էլ ասում է՝ լավ է, որ բարեփոխումները կատարվում են, բայց դեռ սպասումների փուլում ենք գտնվում»:
Պարոն Մակարյանը մտահոգություն հայտնեց՝ քանի մեր պոչից կախված է համայնքների հարցը, մենք զարգանալ չենք կարող. «Պետական փողերը, դոտացիաները տրվում են համայնքներին, որոնք ոչ մի նոր արդյունք չեն ստեղծում, այլ իրենց շռայլ ծախսերը, ատկատներն ապահովելու համար են այդ գումարներն օգտագործում: Ինչքա՞ն պետք է պարազիտ համայնքապետերին ու համայնքներին պահենք: Ինչքա՞ն պիտի մի կեսը մյուսին պահի: Պատկերացրեք՝ այդ գումարներն այլ տեղեր ներդնեինք, համայնքները կարողանային փող աշխատել հա՛մ բյուջե փող բերեին, հա՛մ զարգացում ու աշխատատեղեր ապահովեին, ոչ թե ոչինչ չանելով՝ դեռ մի բան էլ դոտացիայով բյուջեի փողերը վերցնեին»:
Ըստ պարոն Մակարյանի՝ տուրիզմի բնագավառում այնքան էլ լավ ցուցանիշներ չունենք, որքան հայտարարում ենք. «Եթե մենք հիանում ենք, որ մեկ-մեկուկես միլիոն տուրիստ ունենք, մեր հարևան երկրում վեց միլիոնը գերազանցում է այդ թիվը»:
Դառնալով ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ վարվող քաղաքականությանը՝ պարոն Մակարյանը վստահեցրեց. «Եթե այսօր ԵԱՏՄ-ում ունեք հեղինակություն, որ ԵՄ-ի հետ և-և տարբերակի մեջ ենք, ապա եթե այդ սկզբունքով համագործակցությունը գլխառադ անենք, ԵԱՏՄ-ում մեր մրցակցային վիճակը կվատանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ