Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր. «ԵՄ-ն Հայաստանի հետ կարող է բարելավել սահմանների ապահովությունը»

Դեկտեմբեր 18,2017 17:32

«Շատ լավատես եմ մեր ապագա հարաբերությունների առնչությամբ: Արեւելյան գործընկերության անդամները հնարավորինս պետք է մոտենան ԵՄ չափանիշներին, հետեւաբար՝ ստանան ԵՄ օժանդակությունը»,-«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ այսօր Երեւանում կազմակերպած քննարկման ժամանակ անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրին, ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:

Նրա խոսքով՝ Գերմանիան եւ Եվրամիությունը պատրաստ են օժանդակել Հայաստանում իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը. «Համոզված ենք, որ կարող ենք ունենալ կայուն եւ երկարատեւ բարեկամական հարաբերություններ: Հայաստանը եւս կարիք ունի ԵՄ-ի հետ աշխատանքի հստակ օրակարգի: Այս իմաստով համաձայնագրի ստորագրումը մեծ հաջողություն է, որով ՀՀ-ն հրաշալի հնարավորություն ունի ընդլայնելու գործընկերությունը ԵՄ-ի հետ եւ իրականացնելու բարեփոխումներ տարբեր ոլորտներում»,-նշեց նա:

Բունդեսթագի պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ի նպատակն է ակտիվացնել ՀՀ-ի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ինչն էլ ենթադրում է, որ ՀՀ-ի մասնակցությունը ԵՄ քաղաքականության համատեքստում ակտիվանա:

«Համաձայնագիրը նպաստում է նաեւ խաղաղությանը եւ կայունությանը միջազգային մակարդակում: Դրանով Հայաստանի հետ կարող ենք բարելավել սահմանների ապահովությունը եւ նպաստել անդրսահմանային հարաբերությունների զարգացմանը: Մենք ցանկանում ենք նպաստել անվտանգությանը եւ իրավական պետության զարգացմանը»,-վստահեցրեց Ալբերտ Վայլերը:

Նա հայտարարեց՝ նախապես քննարկումներ են տեղի ունեցել, եւ, ըստ այդմ, ԵՄ-ն մտադիր է ՀՀ-ի հետ երկխոսությունն ակտիվացնել՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում. «Համաձայնագրի կողմերը պատրաստ են պաշտպանել միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք սահմանել է ՄԱԿ-ը: Մեզ համար Կովկասում կայունությունը կարեւոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031