Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ տուժող Էմմա Աբրահամյանին՝ սպանվածի մորը, կրկին դատարան հրավիրել հարցաքննելու համար:
Հիշեցնենք, որ այսօր տուժողի ներկայացուցիչը բժշկական փաստաթղթեր ներկայացրեց դատարան, որոնք փաստում էին, որ Էմմա Աբրահամյանին խորհուրդ չի տրվում դատական նիստերին մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատարանը որոշեց հարգելի համարել տուժող Էմմա Աբրահամյանի բացակայությունը՝ անհիմն համարելով պաշտպանական կողմի միջնորդությունը Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը չիրականացված համարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ չորս նիստերի ընթացքում Էմմա Աբրահամյանը ցուցմունք է տվել, պաշտպանության կողմը սպառել է հարցեր տալու իր հնարավորությունը:
Դատարանի այս որոշումից հետո ամբաստանյալի պաշտպան՝ փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ իրեն պետք է ժամանակ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Ըստ նրա՝ դատարանի որոշմամբ սահմանափակվեց պաշտպանության իրավունքը: Նա նաեւ ասաց, որ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների էական հակասություններ կան, որոնք ինքն ուզում է վերհանել, որից հետո կմիջնորդի հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը: Փաստաբանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ իր միջնորդությունները ներկայացնելու, իսկ մինչ այդ՝ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների հակասությունները վերհանելու համար:
Այդ միջնորդությանը առարկեց Փառանձեմ Մեյթիխանյանը՝պնդելով, որ փաստաբանի մատնանշած բոլոր հնարավոր հակասությունները վերհանելու բավականին ժամանակ է ունեցել փաստաբանը, դա կարող էր ավելի վաղ անել. «Իմ ամուսինը արժանապատիվ մահացել է, սպանվել է, որը չի կարողացել հանդուրժել, թե ինչպիսի սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս իր մորը»:
«Ձեր մայրն ինքն է հայհոյանքներ տվել, մի մոռացեք»,- նիստերի դահլիճից հակադարձեց ամբաստանյալներից մեկի հարազատը, որը դատարանի որոշմամբ, հեռացվեց դահլիճից:
Առարկեց նաեւ տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը՝ ասելով, որ պաշտպանական կողմին մեկ ժամն էլ է բավարար իրենց միջնորդությունը ներկայացնելու համար, նիստերը ձգձգելու կարիք չկա:
Մեղադրող դատախազն էլ, փաստաբանի պնդումները, թե տուժողի ցուցմունքներում հակասություններ կան, չհիմնավորված հայտարարություն համարեց:
Դատարանը որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել մասնակի՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը բավարար ժամանակ է ունեցել պատրաստել իր միջնորդությունը, վերհանել իր մատնանշած հակասությունները եւ մեկ ժամ ժամանակ տվեց պաշտպանական կողմին իր միջնորդությունները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Ա.Չիչոյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Յու.Հակոբյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ