Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց կառավարության նախագիծը՝ «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արտերկրում ինչքա՞ն երեխա ունենք որդեգրած: Նա փոխանցեց որդեգրման հետ կապված դժգոհությունները. «Մարդիկ կան, որ ասում են՝ դա փակուղի է, առանց մեջք ունենալու՝ ՀՀ-ում չես կարող երեխա որդեգրել, ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, ճի՞շտ է, որ մենք 700 երեխա ունենք մանկատներում, դինամիկան ինչպիսի՞ն է»:
Քրմոյանը պատասխանեց, որ մանկատներում 645 երեխա կա, 455-ը մասնագիտացված մանկատներում է: Նա նշեց, որ այլ պետությունների կողմից որդեգրում են հիմնականում խնդիրներով երեխաների, մեր ծնողները նման երեխաների չեն որդեգրում, ունենք աուտիզմով որդեգրում, մեզ մոտ անհնար է դա. «Մի երեխայի էին բերել մեզ մոտ, որ տեսնեիք՝ հրեշտակի պես աղջիկ երեխա էր, որին հայ ծնողները չէին որդեգրել, որովհետեւ զարգացման հապաղում ուներ, ոտքերի թուլություն, որ տեսնեիք՝ մի չնաշխարհիկ հրեշտակ էր, բայց չէին որդեգրել: Շվեյցարիայից էին որդեգրել՝ բուժման խոստումով»: Քրմոյանն ասաց, որ 80 երեխա ունենք խնամակալ ընտանիքներում. «Մենք ամրագրում ենք ճգնաժամային խնամատարություն, մասնագիտացված խնամատարություն, բյուջեում ունենք, որ շուրջ 94 երեխա մանկատնից տեղափոխում ենք խնամատարության: Մեր նպատակն է, որ հնարավորինս երեխան լինի ընտանիքում, պետք է ամեն ինչ անենք, որ երեխային վերադարձնենք ծնողներին, գտնենք, համոզենք հոգեբանորեն, եթե ոչ, գնում է խնամատարության, այդ ընթացքում նրանք կարող են հետ վերցնել, եթե ոչ, որդեգրում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ