Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով այսօր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բժշկական փաստաթղթեր դատարան ներկայացրեց, որոնք վկայում էին, որ տուժող Էմմա Աբրահամյանը՝ սպանվածի մայրը, չի կարող դատական նիստերին մասնակցել, որովհետեւ նրա առողջական վիճակին սթրեսային վիճակները հակացուցված են:
Պաշտպանական կողմը հնչեցրեց հարց, որ տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը դատարանում ավարտված չէ, իրենք ու իրենց պաշտպանյալները՝ ամբաստանյալները, դեռ հարցեր ունեն տիկին Էմմային:
Ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին տուժողի հարցաքննությունը համարել չիրականացված, սահմանել ապացույցների հետազոտման այլ կարգ, փորձեն դատական նիստերով առաջ գնալ, դրանից հետո կանդրադառնան տուժողի հարցաքննությանը:
Առարկեց մեղադրող դատախազը. «Երկու տեղեկանք ունենք, առաջին տուժողին խորհուրդ չի տրվում դատարան ներկայանալ, երկրորդ՝ տուժողի համար սթրեսային վիճակներն անթույլատրելի են:
Տուժողի հարցաքննությունը եղել է, պաշտպանական կողմը տվել է իր հարցերը, չեմ կարող համաձայնել, որ տուժողի հարցաքննությունը տեղի չի եղել»:
Առարկեց նաեւ տուժողի ներկայացուցիչ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը. «Էմմա Աբրահամյանը թոշակառու է ու միայնակ, որովհետեւ որդուն են սպանել, նրա առողջական վիճակի պատասխանատվությունն իմ ուսերին է դրված, Աբրահամյանի ապրած յուրաքանչյուր օր ավելի կարեւոր է ինձ համար, քան պաշտպանական կողմի միջնորդությունը:
Նա անցել է մարզային բժիշկների աշխատասենյակներով, խստիվ արգելվում է նրա ներկայությունը նիստերին, որոնք նրան սթրեսային վիճակում են գցում, ինձ համար այդ կնոջ առողջությունն ավելի թանկ է»:
Ամբաստանյալի պաշտպան՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց, որ բանավոր նման տեղեկություն է ներկայացվել, կարող էր գրավոր ներկայացվել դատարան, որ պարզ լինի, թե մոտակա ինչ ժամանակահատվածում Էմմա Աբրահամյանը չի կարող դատարան ներկայանալ»:
Տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն էլ առարկեց պաշտպանական կողմի միջնորդությունը. «Էմմա Աբրահամյանը, չնայած ծանր առողջական վիճակին, չորս անգամ ներկայացել է դատարան ու հարցաքննվել է դատավարության մասնակիցների կողմից: Եթե լսեք նիստի ձայնագրությունը, փաստաբան Պողոսյանը նախորդ նիստին ասաց՝ մեկ հարց ունի ու տվեց քսան հարց, ինչի արդյունքում Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացավ: Առողջական վիճակի կտրուկ վատացում է եղել, անձը հասել է կրիտիկական վիճակի ու չի կարող սթրեսի ենթարկվել, այս պայմաններում տուժող կողմը գտնում է, որ Էմմա Աբրահամյանը հարցաքննվել է՝ պատասխանելով պաշտպանական կողմի հարյուրավոր հարցերի»:
Մեղադրող դատախազն էլ միջնորդության իր առարկությանը հավելեց՝ հիշեցնելով, որ նախորդ նիստին պաշտպանական կողմի բոլոր հարցերից հետո դատարանը հետաքրքրվեց այլ հարցեր կա՞ն. «Ինչու հիմա հիշեցին, որ հարցեր ունեն, ոչ մեկը չի ցանկանում զրկել ամբաստանյալներին հարցեր տալուց, բայց ինչու այն ժամանակ իրենց հարցերը չտվեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ