Լրահոս
Օրվա լրահոսը

Գարդասիլ պատվաստանյութից քանի՞ մլն-ի օգուտ ենք ստանում, պատվաստման տնտեսական օգուտները

Դեկտեմբեր 18,2017 16:15

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր մասնագետների հետ պատգամավորները քննարկեցին պապիլոմա վիրուսի դեմ աղմկահարույց պատվաստման հարցը:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ կա՞ հակացուցում 9-13 տարեկանների շրջանում, որոնց չի կարելի պատվաստել: Նա նաեւ հետաքրքրվեց՝ քաղցկեղի մյուս տեսակների վրա վիրուսը ազդո՞ւմ է եւ ունե՞ք վիճակագրություն, որ այս պատվաստումը կարող է ազդել սեռային հասունացման ինչ-ինչ հարցերի վրա, սա սեռահասունության տարիք է:

ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը պատասխանեց, որ հակացուցումներ կան, որոնք թույլ չեն տալիս պատվաստումներ իրականացնել, օրինակ, եթե առաջին պատվաստումից հետո ծանր ալերգիկ ռեակցիա է լինում, երկրորդ դեղաչափը չի լինում: Իսկ առաջին դեղաչափը չի ներարկվում, եթե կա սուր վիճակ, բուժաշխատողը եթե հայտնաբերի սուր ախտանշաններ, չի պատվաստի, մինչեւ պատվաստման համար ենթակա լինի աղջիկը. «Կան շատ հիվանդություններ, որոնց վրա պապիլոմա վիրուսը նշանակություն ունի, սեռական գորտնուկները 99 տոկոսով նշանակություն ունեն, պատվաստանյութը պաշտպանում է, մենք սրանով նաեւ սեռական գորտնուկներն ենք կանխարգելում: Շնչառական օրգանների կրկնվող պապիլոմատոս վիճակներ են լինում, շնչառությունը խանգարվում է, գորտնուկներ են աճում եւ փակում շնչառությունը: Նման մի երեխա ունենք, երեխան մի քանի վիրահատություն էր տարել, վերջին վիրահատությունը Բելգիայում արեցին, Բելգիայում պրոֆեսորը նշանակել էր Գարդասիլ»:

Ինչ վերաբերում է վերարտադրողական գործառույթի վրա ազդեցությանը եւ այն մտահոգությանը, որ այս պատվաստանյութը չբերության է բերելու՝ Գայանե Սահակյանն ասաց. «Այսօր չկա որեւէ մի հետազոտություն, թեկուզ մեկ գիտական հետազոտություն, որը ապացուցի դա: Պատվաստումների մասնակցած 60 հազարի մեջ կապ չկա, որ կարող են առաջանալ չբերություն կամ վերարտադրողական ֆունկցիայի այլ խանգարումներ: Պապիլոմա վիրուսն է խանգարում վերարտադրողական ֆունկցիային, ոչ թե պատվաստումը»:

Թե հետպատվաստումային ինչ ռեակցիա պետք է լինի, որ ծնողն անհանգստանա՝ Գայանե Սահակյանը պատասխանեց, որ պատվաստվածների 80 տոկոսի մոտ ներարկման տեղում լինում է ցավ, լինում են ցավեր հոդացավի տեսքով, որոնք 24 ժամվա ընթացքում անցնում են, 10 տոկոսի մոտ նկարագրվում է գլխացավի երեւույթներ, կարող է լինել սրտխառնոց, որովայնի շրջանում ցավ, սրանք բոլորը կարճատեւ են, հազվադեպ դեպքերում կարող է առաջանալ ծանր ալերգիկ ռեակցիա՝ 1,7 մլն դեղաչափ պատվաստվածներից մեկի մոտ: Բայց Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ նման վիճակագրություն կա ցանկացած պատվաստանյութի համար: Այստեղ բուժանձնակազմի պատրաստվածությունն է այս դեպքում մեծ դեր խաղում:

Ուռուցքաբան Գագիկ Բազիկյանն ասաց, որ սեռական կյանքի ժամանակ նոր վիրուսը փոխանցվում է, հիմնական կրողը տղամարդիկ են եւ առաջին սեռական հարաբերության ժամանակ կարող է վիրուսը փոխանցվել: Եթե պատվաստումը արվի, չի վարակվի առհասարակ: Գայանե Սահակյանն էլ հավելեց, որ եթե մայրը հիվանդ է, վիրուսակիր է, եւ ծննդաբերում է նորմալ, բնական ճանապարհով, երեխան կարող է մորից վարակվել: Երկրորդ ճանապարհը նոր միայն սեռական կյանք վարելու դեպքում է:

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ տնտեսական օգուտը սրա ո՞րն է, որ պատվաստում ենք՝ ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը պատասխանեց. «Վիրահատությունը արգանդի վզիկի ժամանակ արժե 570 հազար: Դա ծավալուն վիրահատություն է՝ վզիկը, ձվարանները հեռացվում են, տեւում է մոտ 3 ժամ, դրան հաջորդում է ճառագայթային բուժումը, որը 400-500 հազար դրամ արժողություն ունի, դրանից հետո մի քանի կուրս քիմիաթերապիաներ են լինում, որոնք 500-600 հազար է, դե հաշվեք՝ տարեկան 250 դեպք է լինում ու ես միակը չեմ, որ կարող եմ տեսնել բոլոր նրանց: Ծանր վիճակներ կան, որոնց տնից չեն կարող բերել արյունահոսությամբ: Բավականին լուրջ ծախսեր ունենք, էրոզիաներ, եթե դրանք էլ հաշվենք՝ բավականին լուրջ ծախսեր են»:

Բժիշկները հավելեցին, որ մեկ պատվաստման համար ծախսում ենք 9 դոլար: Այսինքն՝ 9 դոլարով կանխում ենք բավականին մեծ ծախս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Եւ բժիշկները, այն էլ Հայաստանում, չեն? ուզում վճարվեն, մտահոգված են
    բնակչության ծախսերով, ծիծաղելի է: Վերջ տվեք խեղկատակություններին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031