Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը վստահեցնում է, որ Գարդասիլը կարող է նաեւ ինսուլտ, սրտի կանգ եւ այլ բարդություններ առաջացնել

Դեկտեմբեր 18,2017 16:04

Այսօր ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել Գարդասիլ կոչվող պատվաստանյութի վերաբերյալ, որը պապիլոմա վիրուսի դեմ է:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանն ասաց, որ «եթե մի պատվաստանյութի համար աշխարհում չկա դեռ վիճակագրական հետազոտություն, թե ինչքան է պատվաստվել եւ ինչ արդյունք է լինում, այն կասկածելի է: Նա ասաց, որ արգանդի վզիկի քաղցկեղը 30-35 տարեկան կանանց շրջանում է ի հայտ գալիս, պատվաստանյութը դեռ 2006-ին է ստեղծվել, պատվաստանյութ ստացողների 18 հազարի մոտ բարդություններ են արձանագրվել, որից 65 -ի մոտ մահ է արձանագրվել: Պատվաստանյութ արտադրողն էլ նշում է այն բարդությունները, որոնք կարող են առաջանալ՝ դրանք են՝ սրտի կանգ, ինսուլտ եւ այլն. «Բավականին բարդություններ են իրենցից ներկայացնում, չե՞ ք կարծում, որ կարելի է սպասել, միգուցե ուրիշ պատվաստանյութ ընտրեք»:

Նա դժգոհեց. «Եթե այդքան հրաշք պատվաստանյութ է, 10 հազարից ավելի բժիշկներ կան, ինչու առաջին իսկ օրը չեն տարել մեծ ուրախությամբ պատվաստել. «Ո՞ր մեկդ եք պատվաստել ձեր, ձեր քրոջ, եղբոր աղջիկներին»:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը պատասխանեց, որ վիճակագրություն գոյություն ունի. Ավստրալիայում է առաջին անգամ պատվաստանյութը ստեղծվել եւ Վիկտորիա քաղաքում 10 տարվա ընթացքում 2007-2017 աղջիկների 50 տոկոսից ավելին պատվաստված է: Հետազոտությունները ցույց տվեցին, որ ամբողջ քաղաքի մակարդակով 47 տոկոսով պապիլոմա վիրուսի ծավալը պակասել է: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, նա ասաց, որ պատվաստվածների շրջանում մահվան դեպքերը հաշվի են առնում, բայց դա պատվաստման հետեւանքով չէ, պատահարների մահվան դեպքերն էլ է ներառում:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ ԱՄՆ-ում մի կայք կա, որտեղ պատվաստումից հետո մարդը կարող է գրանցել բոլոր փոփոխությունները, որոնք իր հետ եղել են: 35 մլն դեղատուփ Գարդասիլ են պատվաստվել, 62 մահվան դեպք է եղել՝ 1 տարվա ընթացքում, բայց չի հաստատվել, որ կապված է Գարդասիլի պատվաստման հետ:

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ ասաց, որ 62-ից 38-ը ունեցել են առողջական այլ խնդիր, մնացածի դեպքում էլ էլի չի հաստատվել կապը պատվաստման հետ: Մենինգիտ է եղել, այլ ախտորոշումներ:

Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ կան երկրներ, որտեղ դադարեցվել է ծրագիրը, ինչո՞ւ է դադարեցվել, ինչն է պատճառը, ուսումնասիրե՞լ եք: Սահակյանը պատասխանեց, որ նման երկիր համարվում է Ճապոնիան, բայց իրենք պատվաստումների օրացույցից չեն հանել: Նրանք ծրագիրն իրականացնում են դպրոցներում. «Կա այսպիսի երեւույթ սթրեսի, եթե մի աղջկա մոտ հոգեհուզական ֆոնի վրա ինչ-որ բան է առաջանում, հաջորդները տեսնում են եւ շղթայական տարածվում է, համացանցով տարածվեց, բացասական ազդեցություն ունեցավ եւ սա ազդեց իրենց ծնողների տրամադրվածության վրա: Չի դադարեցվել, բայց ծածկույթը ցածր է: Ղազախստանում պիլոտային ծրագիր եղավ, առաջին իսկ բացասական արձագանքից հետո դադարեցվեց եւ օրացույց չդրվեց: Մենք հարցում ենք արել, այլ երկրների փորձն ուսումնասիրել, նամակներ ենք ուղարկել բոլոր երկրներին, որտեղ պատվաստումներն իրականացվել են, փորձել ենք հասկանալ ինչ խնդիրներ են նրանք ունեցել, որ սխալը չկրկնենք: Արձագանքներ ստացել ենք Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, շատ երկրներից: Նեգատիվ արձագանք ոչ մի երկրից չենք ստացել, բոլորը նշում են, որ շատ շահարկվող տեսանյութերը համացանցում պտտվող իրականությանը չեն համապատասխանում»:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մտահոգություն հայտնեց՝ պոլիկլինիկաների վատթար վիճակի հետ կապված, որտեղ պետք է պատվաստեն երեխաներին: Նա ասաց, որ եթե պատվաստումը լինելու է մի սենյակում, որտեղ ցուրտ է, փոքր պլիտաները միացած, բուժաշխատողները վերարկուն ուսերին գցած, առանց ձեռնոցի, հիգիենիկ պայմանները չպահելով պետք է պատվաստում անեն, կներեք, ես էլ չեմ ուզի, որ իմ երեխան այդ պայմաններում պատվաստում անցնի:

Նա ասաց, որ շրջելու է իրենց թաղամասի պոլիկլինիկայում եւ հետեւելու է, թե պատվաստման սենյակն ինչպիսին է: Եսայանը հորդորեց պատվաստող բուժաշխատողների վրա ուշադրություն դարձնել, ժպիտով, բարեհամբույր սպասարկում իրականացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031