Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. ՄԻԵԴ-ի շատ կարեւոր դրույթ չենք ապահովել

Դեկտեմբեր 18,2017 15:43

«Մինչև հիմա մենք չէինք ապահովել ՄԻԵԴ մի շատ կարեւոր դրույթ. մարդը պետք է իրավունք ունենա վիճարկել իր ձերբակալումը»,- ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հանձնաժողովում, հիշեցնենք, բուռն քննարկումների առարկա դարձավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթում փոփոխությունների քննարկումը:

Գեւորգ Կոստանյանը օրինակ է բերում. եթե ձերբակալման ժամանակը 72 ժամ է եւ անձը կարող է իր ձերբակալումը վիճարկել 60 ժամվա ընթացքում, դատարանն էլ, ասենք, կարող է բողոքը քննել 5-րդ օրը. այսինքն, դատարանը կարող է միայն ձերբակալումից հետո ասել, որ ապօրինի էր ձերբակալումը, իսկ ձերբակալումը դադարեցնելու կամ ապօրինի կանխելու համար նշանակություն չի ունենում:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հստակեցրեց` կալանավորման միջնորդությունը քննելու ժամանակ դատարանը կարող է անդրադառնալ ձերբակալման հարցին եւ եթե մարդու կյանքին սպառնացող վտանգ կամ նրան խոշտանգման ենթարկելու հավանականություն կա, կարող է քննել անհապաղ:

Գեւորգ Կոստանյանը չհամոզվեց: Նա վստահ է` այս խմբագրությամբ այս նախագիծը բացարձակ չի ծառայում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին: «Պետք է մարդը կարողանա ձերբակալումը վիճարկել այնպես, որ ազատությունից ապօրինի զրկելը առնվազն կանխվի կամ վերականգնվի»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտ է նաեւ օրենքում նախատեսել անձին ապօրինի ազատությունից զրկելու համար պատժաչափ: Ասում է`դա դատարանների համար զսպող կլինի:

Ինչեւէ, նախագիծն ընդունվեց: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Գեւորգ Կոստանյանն իր վերապահումներով հանդերձ կողմ քվեարկեց`ապավինելով հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի տղամարդու խոսքին: Վերջինս խոստացավ, որ պատգամավորների առաջարկները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Հիմա ժամանակը չի բավարարում նախագիծը կառավարությանը վերադարձնելու համար: Այն պետք է քննարկվի վաղվա արտահերթ նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031