Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Պապիլոմա վիրուսը նույնքան վտանգավոր է նաեւ տղամարդկանց համար, ինչո՞ւ մենք չենք պատվաստում տղաներին» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2017 15:13

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարարի եւ նախարարության մասնագետների հետ քննարկվեց բավականին մեծ աղմուկ բարձրացրած պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցը:

Պատգամավորները մասնագետներին հարցրեցին համացանցում բարձրացված բոլոր մտահոգությունները:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հարցրեց՝ հնարավո՞ր է մուտացիայի ենթարկվի պատվաստանյութը, վտանգավոր լինի՝ նախարարը պատասխանեց, որ այս տարիներին մուտացիայի չի ենթարկվելու օրինակ չկա::

Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ ծրագրում են, որ մոտ 80 տոկոսը կպատվաստվի, ծածկույթը կապահովեն:

Համացանցում լայն տարածում գտավ, թե պատվաստումները կատարում են դպրոցներում: Գայանե Սահակյանը վստահեցրեց՝ «նման բան չկա, ամբուլատորիաներում կա պատվաստումների կաբինետ, այնտեղ է իրականացվում, իրականացվում են՝ ծնողին իրազեկելով: Վերջին հաշվով օրինական ներկայացուցիչը ծնողն է եւ պետք է ծնողն իր համաձայնությունը կամ հրաժարականը տա: Ոչ մի ուսումնական հաստատությունում պատվաստում չի իրականացվելու»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Սաղաթելյանն ասաց, որ ծնողների հետ լուրջ իրազեկման աշխատանք պետք է տանել, ընդհանուր կենսաբանության կուրսում ձկներին եւ վիրուսներին նույն ծավալն է, դրանից էլ մարդիկ շատ բանից տեղյակ չեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան ինչո՞ւ են հրաժարվել այս պատվաստանյութից, եթե այդքան լավն է:

Գայանե Սահակյանը պատասխանեց. «Այդպիսի տեղեկատվություն չկա, Գերմանիայում պլանային պատվաստումների օրացույցում այն ներառված է, պատվաստումներ իրականացվում են, ավելին՝ Գերմանիայում եւ ԱՄՆ-ում արդեն արդյունավետության գիտական հետազոտություն կա: Վերջին 10 տարվա կտրվածքով 50 տոկոսով ախտաբանական փոփոխությունները նախաքաղցկեղային արդեն նվազել են, սա՝ պատվաստվածների շրջանում»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ պապիլոմա վիրուսը նույնքան վտանգավոր է նաեւ տղաների եւ տղամարդկանց համար, ինչո՞ւ մենք չենք պատվաստում նաեւ տղաներին, այստեղ խոսում ենք միայն արգանդի վզիկի քաղցկեղի մասին, բայց քաղցկեղի այլ տեսակներ կան, որ հարուցվում են պապիլոմա վիրուսի կողմից: Նա նաեւ հարցրեց՝ պտղաբերության վրա պատվաստանյութն ազդո՞ւմ է, թե՞ ոչ:

Հարցին պատասխանեց բժիշկ ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Բազիկյանը: Նա ասաց, որ տղաների հարցն էլ է մոտենալու եւ շատ եվրոպական երկրներ արդեն տղաներին էլ են պատվաստում պապիլոմա վիրուսի դեմ: Նա ասաց, որ զորակոչային տարիքի տղաների հետ շատ է աշխատում. «Պապիլոմա վիրուսը տեսնում ենք շատերի մոտ շատերի մոտ գորտնուկներ են լինում, այդ տղաները բանակ չեն գնում»: Բժիշկը շատ պատկերավոր բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում այս պատվաստանյութը եւ ինչու են որոշել հենց արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստել եւ ոչ թե կրծքագեղձի, թոքի քաղցկեղի, ասենք: Նա ասաց, որ ապացուցված է, որ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 99.8 տոկոսը հարուցում է պապիլոմա վիրուսը: Այլ քաղցկեղների դեպքում դա ապացուցված չէ:

Նա ասաց, որ պատվաստանյութը ներառում է վիրուսի սպիտակուցը, որը նման է նկարի, որն ուղարկվում է օրգանիզմ. «Ոնց որ մենք ունենանք մի տեռորիստի նկար եւ տանք այն մեր սահմանապահներին, որ այդ տեռորիստին ներս չթողնեն»: Նա բացատրեց, թե պատվաստումից հետո մեր իմունային բջիջները ինչպես են վիրուսը տեսնելուց հետո հատուկ «ջոկատ» ստեղծում՝ պապիլոմային օրգանիզմից դուրս վանելու համար:

Փաշինյանն արձագանքեց՝ ունե՞նք հետազոտություն, թե տղաների ռիսկային քաղցկեղի ախտորոշման պարագայում մենք ունե՞նք պապիլոմա վիրուսի առկայություն, պատճառահետեւանքային կապը կա՞: Նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց՝ տղաներն ունեն փոխանցող օղակի դեր՝ արգանդի վզիկի քաղցկեղի պարագայում: Տղամարդկանց մոտ էլ որոշ օրգանների քաղցկեղներ առաջանում են հենց պապիլոմա վիրուսից. «Առայժմ սկսում ենք աղջիկներից, բայց Եվրոպայում նաեւ տղաներին են պատվաստում»:

Գայանե Սահակյանն էլ ասաց, որ ՀՀ-ում տղաների շրջանում մենք վիճակագրություն չունենք, հիմք ընդունելով պատվաստանյութի արդյունավետությունը, այն երկրները, որոնք տեսել են արդյունքը, օրացույցում ավելացրեցին նաեւ տղաներին, 11 երկիր նաեւ տղաներին են պատվաստել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031