Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Երիտասարդների վարքագիծն արդեն կապրիզի է նմանվում»

Դեկտեմբեր 18,2017 15:54

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տպավորություն ունի, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ուղղակի կապրիզ են անում: Հիշեցնենք, նախաձեռնության անդամներն այսօր հայտարարություն էին տարածել`փաստելով, որ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց եւ գոնե փոխադարձաբար ընդունելի որեւէ արդյունքի չհասնելուց հետո, իրենց այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները եւ պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։ Այսօր երկու երիտասարդներ կրկին հացադուլ են հայտարարել`փակվելով ԵՊՀ լսարաններից մեկում:

«Վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել: Եղել է հստակ պայմանավորվածություն: Երիտասարդներին, կարծում եմ, նաեւ տրվել է շատ կարեւոր հարց եւ հնարավորություն` ներկայացնել առաջարկություններ, որին մենք սպասում ենք: Օրեր առաջ ես ինքս կապվել եմ երիտասարդներից մեկի հետ եւ խնդրել, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, համաձայն որոնց, հնարավորություն կլինի կառավարության որոշմամբ հստակ սահմանել գիտության եւ կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ եւ ընդգծված տաղանդ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալը: Հիմա ինձ համար, անկեղծ ասեմ, տարօրինակ է, որ այդ հնարավորությունները, ինչի համար երիտասարդները շատ երկար պայքարել են, չեն ցանկանում կիրառել»,- ասաց Արտակ Զաքարյանը: Նա դեռ ծանոթ չէր նախաձեռնության հայտարարությանը եւ ՊՆ-ին ուղղված մեղադրանքներին:

Փոխնախարարը մանրամասնեց` ուսանողները երկու առաջարկ էին ներկայացրել, որոնցից մեկը խաթարում է բանակը եւ կրթությունը. դա ուսանողներին հստակ ու առողջ բացատրվել է: Նրանք հասկացել են: Խոսքը ուսումը եւ ծառայությունը համատեղելու առաջարկի մասին է: Մյուս առաջարկը վերաբերել է չափորոշիչներին: Դա շատ երկար քննարկվել է:

Ամեն դեպքում, հացադուլով եւ բողոքի ակցիաներով խնդիր չեն լուծում, կարծում է Արտակ Զաքարյանը: «Մենք, միեւնույն է, օրենքով պարտավոր ենք կառավարության որոշմամբ սահմանել բոլոր չափորոշիչները: Մենք դա անելու ենք: Եվ շատ լավ կլիներ, որ երիտասարդները բերեն այն չափորոշիչները, որ իրենք ցանկանում են»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդների վարքագիծն արդեն կապրիզի է նմանվում. «Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում: Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից՝ դասադուլ են անում, թե բողոքում են, որ գիտության մեջ, գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով: Ստացվում է, մենք գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որ փորձում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել: Դա արդար չի, դա ճիշտ չի, որովհետեւ մենք շատ անկեղծ ու ազնիվ ներկայացրել ենք: Իրենք էլ շատ պարկեշտ, անկեղծ երիտասարդներ են. ինչքան քննարկել ենք, կառուցողական եւ առողջ դատողությամբ մարդկանց հետ ենք գործ ունեցել: Հիմա իրենք պետք է փորձեին բերել առաջարկներ, որ կառավարության որոշումները լինեն ընդունելի բոլոր թիրախ խմբերի համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031