ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջերս Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունը Մերձավոր արեւելքում կրկին այնպիսի լարվածության օջախ է բորբոքում, ինչպիսին է իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իսրայելապաղեստինյան հակամարտությունը թեժ փուլից անցել էր խաղաղ փուլի: Սիրիայում եւ Իրաքում հակամարտության հրդեհը հաջողվում է մարել, բայց որոշ ուժերի կողմից փորձ է արվում ծխացող հակամարտությունը սրել եւ այս կերպ սեփական ազդեցությունը տարածել: Մերձավոր արեւելքն այնպիսի զգայուն կետ է, որտեղ յուրաքանչյուր գործողություն կարող է բերել բախումների: Նման մեթոդաբանությամբ աշխատելը կոպիտ սխալ է: Քաոս սերմանել հաջողվում է, բայց կառավարել՝ ոչ»,-համոզմունք հայտնեց փորձագետը:
Նա նկատեց՝ Երուսաղեմը երեք կրոնների մայրաքաղաքն է, որին ամենամեծ հեղինակությունն է բերել Քրիստոնեությունը. «Քաղաքի ճակատագիրը վճռելիս հաշվի չառնել քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի գործոնը, մեծ սխալ է: Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը պատկանում է հայերին, եւ չենք կարող անտարբեր լինել այդ փաստի հանդեպ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ