Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ինչ-որ մի երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկել».  Ն. Զոհրաբյանը՝ պապիլոմայի պատվաստման մասին

Դեկտեմբեր 18,2017 14:14

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարարի եւ նախարարության մասնագետների հետ քննարկվեց բավականին մեծ աղմուկ բարձրացրած պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ժամանակին ընտանիքի պլանավորման պրոյեկտ դրվեց շրջանառության մեջ, նույն ջանասիրությամբ համոզում էին, գալիս էին, չգիտեմ ինչեր էին բաժանում հեռավոր գյուղերում, տարիներ անց դա համարվեց կատարյալ ապուշություն, ասվեց, որ դա մի հիմար ծրագիր էր, պարզապես դրամաշնորհ էր: Որեւէ մեկը դեմ չէ նման լրջագույն պրոբլեմը կանխարգելելու, բայց ես ինքս, չլինելով բժիշկ, մանրամասն ուսումնասիրել եմ միջազգային մամուլը, գիտնականների տեսակետները, Ֆրանսիայում խոսել եմ այս ոլորտով զբաղվող գիտնականների հետ, գնահատականը մեկն է՝ այս պահին չենք կարող խոսել դրա օգտակարության կամ վնասակարության մասին, որովհետեւ փորձարկումներն արված են, բայց արդյունքները հասկանալու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել: Չե՞ք կարծում, որ կարելի էր սպասել, որ ամբողջ փորձաքննական փուլն ավարտվեր, նոր անցնեինք պատվաստման: Ի վերջո` կար առանց ռիսկային տարբերակ, օրինակ, 6 ամիսը մեկ գնային կանայք հետազոտվեին: Երբ ինչ-որ բան փորձում են պարտադրել, տպավորություն է, որ ինչ-որ մի երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են ընդամենը փորձարկման հերթական փուլն ավարտել, հետո հասկանան նրա արդյունքները: Վատ օրինակները ունենք»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, իհարկե, քաղցկեղի աճ կա, հիվանդությունը ՀՀ-ում զարգանում է, որը շատ այլ հանգամանքներով է պայմանավորված, օրինակ, վատորակ մեքենաների արտանետած գազերով: Ուստի հարցրեց՝ ի՞նչն է նման հրատապության խնդիրը, որ չեք սպասում փորձարկման ավարտին: Երկրներ կան, որ հրաժարվում են՝ անելով մեկ-երկու փուլ, բա չհասկանա՞նք ինչու են հրաժարվում:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պատասխանեց, որ այս դեպքում միանշանակ ապացուցված է, որ ոչ սնունդը, ոչ մեքենաների արտանետումները մեղավոր չեն այս հիվանդության հարցում, հարուցիչը մեկն է՝ պապիլոմա վիրուսը: Այս վիրուսը օրգանիզմում բերում է փոփոխությունների, որոնք ի վերջո հանգեցնում են արգանդի վզիկի քաղցկեղի: Մեր գործողությունների թելադրողը համաշխարհային առողջապահական կազմակերպության զեկույցն է: Ըստ նախարարի, միջազգային կազմակերպության պաշտոնական հրապարակումը խոսում է պատվաստանյութի անվտանգության մասին:

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց, որ գիտեն դեպքեր, երբ ԱՀԿ-ն տարբեր դեղամիջոցների վերաբերյալ պարբերաբար փոխել է դիրքորոշումը. «Հիմա մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ նորից չի փոխի իր պաշտոնական դիրքորոշումը՝ ինչ-ինչ գիտական տիտանների մտքի ազդեցության տակ, կամ նորից չի ասի, որ այս պատվաստանյութը չի ապացուցել իր արդյունավետությունը, դուք կարո՞ղ եք մեզ այդ երաշխիքը տալ»: Ալթունյանը պատասխանեց. «Իմ հիշողության մեջ այդպիսի դեպքեր չկան, երբ ԱՀԿ-ն 180 տոկոսով փոխում է իր դիրքորոշումը եւ ասվել է, թե այս օգտակար դեղամիջոցը վնասակար է: Միգուցե մի քանի տարի հետո ԱՀԿ-ն ասի, որ աշխարհում կա Գարդասիլից շատ ավելի ազդեցիկ ու էժան դեղամիջոց, պատվաստանյութ, երբ կասի, կանցնենք այդ դեղամիջոցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031