«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վերսկսել է հացադուլը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում: Նրա հետ հացադուլ է հայտարարել նաև նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը:
Մեր զրույցում Դավիթ Պետրոսյանը մասնավորապես ասաց, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներով ուսանողներին տալ տարկետում։ Դավիթ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով է դա որոշվելու։
Նա առաջարկում է քայլեր ձեռնարկել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի բացառման համար։ Դավիթ Պետրոսյանը մտահոգված է՝քննարկումներն արդյունք չեն տալիս:
Հիշեցնենք, այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես նշված էր, թե «կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել»:
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ