«Արմենիա» հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ-ԵԱՏՄ եւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, որտեղ եղան մի շարք կարեւոր շեշտադրումներ:
Ստորեւ անդրադառնանք նախագահի կողմից առաջադրված հիմնական դրույթներին.
Առաջին. Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ կնքած պայմանագիրն «առողջ տրամաբանության հաղթանակ» անվանեց, որով կողմերին հաջողվեց առաջնորդվել ոչ թե տարբեր շահերի հակադրման, այլ համադրման սկզբունքով: Պետք է արձանագրել, որ Հայաստանի «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականության հաղթանակը կարող է լավ նախադրյալ դառնալ՝ մեղմելով առկա հակազդեցությունները եւ մեծացնելով ինտեգրացիոն տարբեր վեկտորների հետագա համագործակցության հնարավորությունը:
Երկրորդ. իր հարցազրույցում նախագահը հստակ փաստեց, որ բանակցությունների հենց առաջին փուլից ՀՀ-ն իր եվրոպացի գործընկերների հետ եղել է անկեղծ եւ բազմիցս կրկնել, որ չի կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել Ռուսաստանի եւ ԱՊՀ մնացած երկրների հետ ունեցած տնտեսական կապերին: Հանգամանք, որին, ըստ նախագահի, մեր եվրոպացի գործընկերները հենց սկզբից մոտեցել են ըմբռնումով: Նախագահի խոսքը, թերեւս, պետք է սպառիչ պատասխան դառնա այն շահարկումներին, որ մեր եվրոպական գործընկերների համար այս գործընթացում չեն եղել անակնկալներ: Ակնհայտ է նաեւ, որ եթե չլիներ ՀՀ-ԵՄ փոխըմբռնումը, հնարավոր չէր լինի շարունակել բանակցությունները՝ հասնելով նոր համաձայնագրի կնքման:
Երրորդ. իր խոսքում նախագահը Ռիգայի գագաթնաժողովն անվանեց պատմական իրադարձություն, քանի որ դրա շրջանակներում ԵՄ-ի կողմից որոշում կայացվեց Արեւելյան գործընկերության երկրների հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այս հանգամանքի կարեւորումը Սերժ Սարգսյանի կողմից պատահական չէ, քանի որ այսօր կարող ենք միանշանակ փաստել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումը վերոնշյալ մոտեցման արդյունքն է: ՀՀ-ն մշտապես եղել եւ մնում է տարբերակված մոտեցման կողմնակից:
Չորրորդ. նախագահը համոզմունք հայտնեց, որ թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության հաջողության գրավականը մրցունակ եւ որակյալ ապրանքների արտադրությունն է, որոնք հնարավոր կլինեն սպառել ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության եւ այլ շուկաներում: Նախագահի այս թեզի հիմքում թերեւս ընկած է այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր պայմանագիր ստեղծում է նոր հնարավորություններ, որոնք պետք է կարողանալ ճիշտ օգտագործել:
Հինգերորդ. հարցազրույցում նախագահը նաեւ անդրադարձավ ՀՀ-ԵՄ համաձայնագրում տեղ գտած Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դրույթին, որով Եվրամիությունն արտահայտում է իր հանձնառությունը՝ օժանդակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս համատեքստում դիպուկ էր նախագահի այն դիտարկումը, որի համաձայն՝ պայմանագրի վավերացումից հետո այն օրենքի ուժ է ստանում՝ ամրագրելով ԵՄ դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում՝ երեք սկզբունքների հիման վրա (ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք): Սա պետք է ձեռքբերում համարել, քանի որ նման ձեւակերպումը ժխտում է ադրբեջանական կողմի փորձերը՝ հակամարտության լուծման գործընթացը տեղափոխել այլ ձեւաչափեր՝ տարիներ շարունակ մերժելով հակամարտության լուծման երկու հիմնարար սկզբունքները (ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք):
Այսպիսով, նախագահը, ի թիվս այլ հարցերի, ամփոփեց նաեւ տարբեր ինտեգրացիոն գործընթացներից բխող հնարավորությունները եւ այդ համատեքստում Հայաստանի ունեցած դերն ու նշանակությունը տարածաշրջանային համագործակցության երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Հայացք» կիրառական քաղաքականության
եւ հետազոտությունների
վերլուծական կենտրոն
«Առավոտ»
16.12..2017