Լրահոս
Օրվա լրահոսը

«Спасибо»՝ Էրդողանը Պուտինին. ռուս-թուրքական մեղրամիսը շարունակվում է

Դեկտեմբեր 18,2017 12:00

C-400 տիպի հակահրթիռային համակարգեր Թուրքիային՝ ռուսական վարկով

Պուտին-Էրդողան՝ այս տարի արդեն 7 հանդիպում է անցկացվել, ընդ որում՝ միայն նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում նրանք երկու անգամ հանդիպեցին: Ռուս-թուրքական բանակցությունների վերջին հանդիպումը մի քան օր առաջ էր՝ Անկարայում: Բանակցությունների օրակարգում էին էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման, միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ սիրիական կարգավորման խնդիրներ, ինչպես նաեւ Երուսաղեմի թեման:
Ուշադրության կենտրոնում էր, իհարկե, նաեւ Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 տիպի հակահրթիռային համակարգերի վաճառքի բազմաչարչար հարցը, որի գործարքն ըստ ամենայնի ավարտին կհասցվի առաջիկա օրերին՝ համենայնդեպս, Անկարայում Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսում հավաստիացրեց Թուրքիայի նախագահը: «C-400 համակարգերի ձեռք բերման համար անհրաժեշտ բոլոր քայլերը մեր պաշտոնյաները կավարտեն արդեն այս շաբաթ կայանալիք հանդիպման ընթացքում: Ես նրանց հաջողություն եմ մաղթում եւ անչափ շնորհակալ եմ»,- դիմելով Պուտինին՝ ասաց Էրդողանը՝ համատեղ ասուլիսի ամփոփմանը ՌԴ նախագահին ռուսերեն շնորհակալություն հայտնելով:

Ենթադրվում է, որ Մոսկվան եւ Անկարան այս փուլում C-400 հակահրթիռային համակարգերի ձեռք բերման գործարքում առկա վերջին տեխնիկական խոչընդոտներն են հարթում: Ռուսաստանյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ խնդրահարույց հարցերը վերաբերում էին գործարքի ֆինանսական կողմին: Հակահրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող РосТех ընկերությունը, սակայն, հրաժարվում էր գնի հարցում զիջումների գնալ` փոխարենն Անկարային առաջարկելով Ռուսաստանից միջպետական վարկ վերցնել: Դեռ մայիսին մոսկովյան РБК-ն հայտնել էր, որ թուրքական կողմն անում է հնարավորը վարկ վերցնելու տարբերակից խուսափելու եւ Ռուսաստանից ավելորդ ֆինանսական կախվածության մեջ չհայտնվելու համար: Մինչդեռ Անկարայում Պուտինի հայտարարություններից պարզ է դառնում, որ, այնուամենայնիվ, գործարքը տեղի է ունենում ռուսական վարկի տարբերակով: «Մենք վերջնականապես համաձայնեցրինք վարկային պայմանագիրը, որը, հուսով եմ, կստորագրվի առաջիկա օրերին»,- նշեց Պուտինը: Ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ վարկի տրամադրման բոլոր պայմանները համաձայնեցված են, եւ պայմանագիրը կկնքվի ամենամոտ ապագայում: Թուրքիային C-400 համակարգերի վաճառքի ընդհանուր ֆինանսական ծավալը հասնում է 2 միլիարդ ամերիկյան դոլարի:

Ռուս-թուրքական բանակցություններում C-400-ների գործարքը նկատելիորեն նյարդայնացնում է Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգներին: Վաշինգտոնը շարունակում է անհանգստություն հայտնել Ռուսաստանից Թուրքիայի կողմից C-400-ների ձեռք բերման վերաբերյալ: Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը նշեց. «Թուրքիայի հետ կապված՝ ընդհանրապես հիմա մեր ամենամեծ անհանգստություններից է վարքը, որը մենք տեսնում ենք վերջին օրերին, հատկապես մեր վարձած (ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում աշխատելու համար) տեղի անձնակազմի հանդեպ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ որպես դաշնակցի եւ շարունակում ենք անհանգստություն հայտնել շատ ոլորտներում՝ ներառյալ C-400-ները… Դա թուրքերի հետ մեր խոսակցությունների մաս է»,- ասել էր նա միջազգային հարցերով Սենատի կոմիտեի լսումների ժամանակ ելույթում:

Կոշտ քննադատություն ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հասցեին

Դեռ անցյալ ամիս պաշտոնական Անկարան ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների ուղղությամբ կոշտ քննադատական ելույթներով հանդես եկավ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ այս հայտարարությունները հնչում էին Պուտինի հետ հանդիպումների ֆոնին:
Նոյեմբերին կրքերը բորբոքվեցին ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ, իսկական սկանդալ հասունացավ: Պաշտոնական Անկարան անակնկալ կերպով ետ կանչեց իր զինվորներին Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից, Էրդողանի փոխանցմամբ՝ այնտեղ տեղի ունեցած սկանդալային մի միջադեպի պատճառով: Թուրքիայի նախագահը, մասնավորապես, նշել էր, որ հյուսիսատլանտյան դաշինքը վարժանքներից առաջ զինվորների ենթադրյալ թշնամիների պատկերներով պաստառներ էր պատրաստել, որոնցում հայտնվել էին նաեւ իր եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի մեծադիր լուսանկարները: «Նրանք թշնամիների նկարներով ստենդներ են դրել, որոնց վրա պատկերված են Աթաթուրքն ու ես: Ինձ այդ մասին տեղեկացրին մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու եվրոպական հարցերով նախարար Օմեր Չելիկը: Նրանք ասացին, որ ուզում են դուրս բերել մեր զինվորներին Նորվեգիայից: Ես ասացի՝ անմիջապես, առանց մեկ վայրկյան իսկ կասկածելու, ետ կանչեք նրանց: Սա դաշնակցային վերաբերմունք չէ, այսպիսի դաշինք չի կարող լինել»,- վրդովված ասել է Էրդողանը:

Այս միջադեպից ժամեր անց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Սթոլթենբերգը պաշտոնապես ներողություն խնդրեց՝ նշելով. «Դա մեկ մարդու անձնական որոշման արդյունք էր եւ չի արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետը»: Սթոլթենբերգը վստահեցրել էր, որ կատարվածի շուրջ քննություն է ընթանում՝ մեղավորներին պարզելու համար: ՆԱՏՕ-ն, ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն անմիջապես հանել է «ենթադրյալ թշնամիների» ցանկից, ինչը, սակայն, չազդեց թուրքական կողմի դիրքորոշման վրա: «Միեւնույն է՝ մենք չենք մասնակցի այդ վարժանքներին»,- նշել էր Էրդողանը: Նա հավելել էր նաեւ, որ այդպիսի թեման «չի կարող փակվել սովորական ներողությամբ»: Ի դեպ, հայտնի է, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հատուկ հետաքննություն պետք է սկսեր Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրված աղմկահարույց պաստառի մանրամասների հետ կապված:

Էրդողանը չսահմանափակվեց ՆԱՏՕ-ի հասցեին քննադատություն հնչեցնելով, նա խիստ քննադատության ենթարկեց նաեւ ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ին: «Ամերիկացիների խոսքը գործին չի համապատասխանում»,- ասել էր վերջերս Էրդողանը, հավելելով՝ թեեւ Վաշինգտոնում վարչակազմ է փոխվել, սակայն Թրամփի օրոք էլ Անկարային մտահոգող հարցերը չեն լուծվել: «ԱՄՆ-ը մեզ շատ է հիասթափեցրել: Նրանք այդպես էլ չկատարեցին սիրիական ճգնաժամի մեկնարկից հետո Թուրքիային տված խոստումները: Ինչպես Բարաք Օբամայի օրոք, այնպես էլ հիմա ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդերին, ինչն անընդունելի է մեզ համար»,- դժգոհել էր Էրդողանը: Ավելին, Էրդողանը նաեւ հեգնանքով էր խոսել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին՝ վերստին պնդելով, թե ամերիկացիներն իրականում աջակցում են ահաբեկիչներին: «Ձեր այդ պայքարը միայն թերթերի վերնագրերում է, իրականում դուք հսկայական գումարներ եք տրամադրում «Իսլամական պետությանը»,- դիմելով Վաշինգտոնին՝ ասել է Էրդողանը:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունից օրեր անց Թուրքիայի նախագահը մեկնելու էր Սոչի, որտեղ Իրանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ քննարկելու է սիրիական ճգնաժամը:

«Գնել ենք C-400-ը, այս գործը փակված է»

Ինչ վերաբերում է Ռուսաստանից C-400 հակահրթիռային համակարգերի ձեռք բերմանը, անցյալ ամիս Թուրքիայի նախագահը պատասխանելով գործարքի հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից հնչող արձագանքներին՝ նկատել էր, թե C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլեւս անբեկանելի է: Էրդողանը դեռ անցյալ ամիս վստահեցրեց, որ թեման փակված է. «Մենք գնել ենք C-400-ը, այս գործը փակված է»:
Մինչդեռ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար՝ չեխ գեներալ Պյոտր Պավելը, անդրադառնալով այս թեմային, ասել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի եւ Արեւմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով: Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա: Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400 զենիթահրթիռային համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի՝ այս մասին էլ նշել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը: Ըստ ամերիկացի փոխնախարարի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նման գործարքը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության վրա: Գրանտը նաեւ նշել էր, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաեւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, որոնք նախատեսված է իրականացնել 2018-ին: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է C-400 համակարգերը միաժամանակ օգտագործել ամերիկյան F-35 կործանիչների հետ, ինչն էլ թույլ կտա ռուսական կողմին տեղեկություններ կորզել ամերիկյան կործանիչների մասին:

Շարունակությունը՝ «Առավոտ»-ի դեկտեմբերի 19-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031