Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀայՓոստ»-ից՝ քաղաքացուն. «Սերժ Սարգսյանին էլ դիմես՝ ոչինչ չի փոխվելու»

Դեկտեմբեր 18,2017 14:00

«ՀայՓոստ»-ի նպատակը իր գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առեւտրային եւ հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես եւ երկրի սահմաններից դուրս»,- այս խոսքերը մեջբերված են «ՀայՓոստ»-ի պաշտոնական կայքից: Կարելի է ասել՝ սա «ՀայՓոստ»-ի կարգախոսն է: Իսկ ինչպե՞ս է Հայաստանում փոստային կապի օպերատորը պատկերացնում թափանցիկությունը, արդյունավետությունը եւ հաճախորդների նկատմամբ հաշվետվությունն իրականում:
Իրականում այս ընկերության գործը խոսքի ճիշտ հակառակն է:

Ամանորյա տոներին ընդառաջ՝ փորձեցի «ՀայՓոստ»-ի միջոցով շնորհավորել ԱՄՆ-ում բնակվող բարեկամներիս եւ նրանցից ամեն մեկին փոքրիկ նվերներ պատրաստեցի՝ հայկական չիր եւ կոնյակ: Փոստային բաժանմունքում ինձ ներկայացրեցին ծառայության գինը, ինչպես նաեւ տեղեկացրին, որ ես պարտադրված եմ վճարել նաեւ մաքսայինի գումարը, ինչը էապես բարձրացնում էր ծանրոցի՝ դեպի նշանակետ տեղափոխման արժեքը: Ի՞նչ կապ ունի մաքսայինը «ՀայՓոստ»-ի հետ, ի՞նչ ծառայությունների դիմաց է գանձվում այդ վճարը, ինչո՞ւ է այն պարտադիր, եւ ի վերջո, ինչո՞ւ է այն ընդգրկվում «ՀայՓոստ»-ի կողմից տրվող վճարման անդորրագրի մեջ՝ չհասկացա: Այս հարցերին աշխատակիցները չկարողացան պատասխանել եւ միայն նշեցին՝ «առանց մաքսայինի գումարի որեւէ ծանրոց ուղարկելն անհնար է»: Բացի այդ, նրանք խորհուրդ տվեցին, որ ես ծանրոցները նախապես փաթեթավորեմ, սակայն պատրաստ լինեմ հարկ եղած դեպքում դրանց լրացուցիչ զննության, ասել է թե՝ բացեմ եւ նորից փաթեթավորեմ: Իմ հարցին ի պատասխան՝ «ՀայՓոստ»-ի աշխատակիցները նշեցին, որ «ՀայՓոստ»-ը փաթեթավորմամբ չի զբաղվում: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ըստ նրանց՝ պարզ չէ, թե փաթեթը երբ տեղ կհասնի, սակայն հուսով են, որ դա կտեւի 15-30 օր:

Ընդունելով պարտադրված խաղի կանոնները՝ ես երկու փաթեթ ներկայացրեցի Երեւանի թիվ 39 փոստային բաժանմունք: «Մաքսային» զննությունն իրականացրին փոստային բաժանմունքի աշխատակիցները, պարզեցին, որ որեւէ կասկածելի իր փաթեթներում չկա, եւ կրկին փաթեթավորելուց եւ յուրաքանչյուր փաթեթի համար կլորիկ գումար վճարելուց հետո ես հանձնեցի փաթեթները: Այնուամենայնիվ, չնայած առաջացած հարցերին եւ, իմ կարծիքով, մասնագիտական անձեռնահասության դրսեւորումների առկայությանը՝ ուրախացա, որովհետեւ կարծում էի, թե ԱՄՆ-ում բնակվող հարազատներիս ուրախություն կպատճառեմ: Հաջորդ օրը ինձ զանգահարեցին թիվ 39 փոստային բաժանմունքից եւ «ավետեցին», որ փաթեթներից մեկում եղած կոնյակի շիշը կոտրվել է, եւ հորդորեցին ինձ գալ եւ հետ վերցնել փաթեթը: Իմ հարցին՝ գամ վերցնեմ եւ վե՞րջ, պատասխանը կարճ էր՝ այո, եկեք վերցրեք եւ վերջ: Ամենազավեշտալին այն էր, որ ինձ զանգահարողը փորձում էր փաթեթի վնասվելու պատճառը բարդել ինձ վրա՝ ասելով, որ ես այն ճիշտ չեմ փաթեթավորել, մոռանալով իրենց իսկ բաժանմունքում իրականացված «մաքսային» զննության եւ վերափաթեթավորման մասին: Փորձեցի դեպքի մանրամասների մասին զրուցել «ՀայՓոստ»-ի որեւէ պաշտոնյայի հետ: Սարյան 22 հասցեում, որտեղ տեղակայված է փոստային օպերատորի գլխամասը, ղեկավարությունից ոչ ոք չկար: Տեղում էր միայն Սեւադա Բադալյանը: Նա սկզբում ասաց, որ ոչինչ անել չի կարող, այնուհետեւ նշեց, որ կարող է ինձ համար «լավության կարգով» կազմակերպել վճարածս գումարի վերադարձը: Ինչ վերաբերում է իրենց կոտրած կոնյակի շշի փոխհատուցմանը կամ գոնե «ՀայՓոստ»-ի անունից ներողությանը, ապա այդօրինակ դիտարկումները պարոն Բադալյանի մոտ ծիծաղ եւ հեգնանք առաջացրին: Ի դեպ, Սեւադա Բադալյանին այս պատմության մեջ ավելի շատ այլ հարց էր մտահոգում՝ նա անընդհատ հետաքրքրվում էր, թե ես ինչպե՞ս եմ մտել «ՀայՓոստ»-ի գլխամասի շենք: Ի վերջո, Բադալյանը ինձանից հոգնեց եւ ինձ ասաց. «Ինչ էլ անես, ուր էլ, որ գնաս, մեկ է՝ ոչնչի չես հասնի, որովհետեւ «ՀայՓոստ»-ը շատ հզոր հիմնարկ է, առաջնորդվում է միջազգային օրենքներով, միշտ հաղթում է դատարաններում, եթե անգամ դիմես Սերժ Սարգսյանին, մեկ է՝ ոչինչ չի փոխվի»:

Ես գրեցի բողոք եւ դուրս եկա շենքից: Հաջորդ օրը «ՀայՓոստ»-ից ինձ տեղեկացրին, որ իմ բողոքը գտնվում է հենց այդ Սեւադա Բադալյանի մոտ: Մտածեցի, որ իրականում մարդը ճիշտ էր ասում՝ «ՀայՓոստ»-ի դեմ խաղ չկա:

Նկատենք, որ փոստային կապի ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով: Մասնավորապես, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով ամրագրված է՝ «փոստային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետեւանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով»: Ավելին, օրենքը մանրամասնում է, թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ նախապայմաններից ելնելով, ո՞ւմ պետք է փոխհատուցի պատճառված վնասը: «ՀայՓոստ»-ի աշխատակիցներին, ի դեմս Սեւադա Բադալյանի, այդ օրենքը չի հետաքրքրում, կամ էլ նրանք չգիտեն դրա մասին: Նրանց այլ բաներ են հետաքրքրում:

Օրինակ՝ թե ես ինչպես մուտք գործեցի «ՀայՓոստ»-ի շենք այն դեպքում, երբ իրենց դեմ խաղ չկա բոլոր, անգամ հասանելիության բնագավառում: Երեւի հենց այդ իմաստով «ՀայՓոստ»-ի պաշտոնյաների համար նորմալ է գույք փչացնելու եւ դրա համար պատասխանատվություն չկրելու երեւույթը: Սակայն ինձ համար դա անընդունելի է: Անընդունելի է նաեւ, որ փոստային օպերատորի ծառայությունների մեջ չի մտնում իրերի փաթեթավորումը, որ «ՀայՓոստ»-ի աշխատակիցներն իրականացնում են մաքսային գործառույթներ, որ հաճախորդներն ինչ-որ անհասկանալի «մաքսային»-ի գումարներ են վճարում «ՀայՓոստ»-ին, որ կազմակերպության պաշտոնյաները հայտարարում են Հայաստանի տարածքում «միջազգային օրենսդրության» գերակայության մասին, առանց հասկանալու, որ ոչ մի «միջազգային օրենսդրության» մեջ չի գովերգվում անպատասխանատվությունը եւ իրավական անգրագիտությունը: Ի վերջո, ինձ համար անընդունելի է, որ հարազատներիս ամանորյա նվերը չի հասնելու: Իսկ այն, որ «ՀայՓոստ»-ի դեմ խաղ չկա, այդքան էլ այդպես չէ՝ խաղ կա, ուղղակի խաղը դեռ չի սկսվել:

 

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

«Առավոտ»

16.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031