Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անհրաժեշտ է բացօթյա առողջական կենտրոն կառուցել

Դեկտեմբեր 18,2017 11:29

Հայաստանում տարեցտարի ավելացող հիվանդությունների թիվը, սիրտանոթային, շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշում ունեցող, թոքերի, երիկամային անբավարարությամբ և այլ հիվանդություններով տառապող անձանց թվաքանակի աճը, մեր ազգաբնակչության առողջության պահպանման նպատակով համընդհանուր միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացնում:

Այն, որ մարդու առողջության պահպանման համար առաջնային նշանակություն ունի նաև մարմնամարզությունը, ոչ ոք, այդ թվում բժիշկները չեն ժխտում:

Սակայն ՀՀ-ում մարմնամարզությամբ շատ քչերն են զբաղվում:

Բացի այդ, մեծամասամբ մեր երկրում կանաչ գոտիները ոչ միայն անխնամ վիճակում են գտնվում, այլև ֆիզիկական վարժություններով զբաղվելու համար առանձնացված հատուկ բացօթյա տարածքները բավական քիչ են: Մինչդեռ, հայտնի է, որ բժիշկների ցուցումով մարմնամարզությամբ զբաղվելը նպաստում է սիրտանոթային հիվանդություններով տառապողների կյանքի որակի զգալի բարձրացմանը:

ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, ոչ միայն հիվանդների, այլև սպորտսմենների ու առողջ մարդկանց համար մասսայական մարզումների համար նախատեսված բացօթյա տարածքներ գոյություն չունեն: Ամենահարմար տարածքը Չերքեզի ձորում գտնվող ռուսական լվացքատան դիմացի վայրն է, որը կարելի է առողջության պահպանման կենտրոնի վերածել:

Գարնանը ձորն աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ: Իսկ ձորի այս հատվածը աղմկոտ և փոշոտ փողոցներից հեռու է գտնվում: Այն կանաչապատ է, որն ապահովում է մարդու օրգանիզմի համար մաքուր թթվածին, որի քանակը կարելի է ավելացնել փշատերևների ավելացման շնորհիվ: Շատ կարևոր է նաև գետակի առկայությունը, որի աղմուկը կամ խշշոցը նույնպես բարերար ազդեցություն ունի մարդկանց վրա: Այդ տարածքը մարդկանց ազատում է ներքին լարվածությունից, բարերար ազդեցություն ունենալով նրանց նյարդային համակարգի վրա:

Ռուսական ռազմաբազայի լվացքատան դիմացի տարածքը բավական հարթ է: Այստեղ առկա են փոքր ճահիճներ, որոնք առաջացել են այն ջրից, որը մետաղյա խողովակով հոսում է վերևից: Այն կարելի է հեշտությամբ չորացնել՝ ջուրը խողովակներով ուղղելով դեպի Չերքեզի ձորի գետակը:

Տեղանքում շատ քիչ քանակով փոքր ծառեր կան՝ մինչև մեկ մետր բարձրությամբ, որոնց վերացնելը նույնպես մեծ դժվարություն իրենից չի ներկայացնում: Մյուս ծառերն էլ հարկավոր է հարմարեցնել կառուցվող առողջական կենտրոնին:

Առողջական կենտրոնի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկը պետք է լինի վազքուղին, որը պետք է ձգված լինի առողջական կենտրոնի ամբողջ պարագծով: Անհրաժեշտ է նաև այստեղ մարմնամարզության համար նախատեսված սարքեր տեղադրել: Պետք է իրականացվի տարածքի, ինչպես նաև Չերքեզի ձորի գետակի հունի մաքրում, որը կարելի է կյանքի կոչել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հռչակած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Ըստ երևույթին, տվյալ առաջարկի ամենածախսատար մասն աստիճանների կառուցումն է, որը պետք է գտնվի լվացքատան դիմաց:

Այս հարցի վերաբերյալ դիմել եմ Գյումրու քաղաքապետարան, առանց շինարարական ծախսերի հաշվարկ կատարելու: Ինձ պատասխանել են, որ առաջարկը շատ գովելի է, սակայն համայնքապետարանը միջոցներ չունի այն իրականացնելու համար:

Քաղաքապետարանի՝ ինձ հասցեագրված պատասխանում նաև նշված է, որ հանձնարարվել է համայնքապետարանի համապատասխան բաժնին այս հարցով ավելի հետևողական զբաղվել, սակայն իմ համար դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի աշխատանքներ է իրականացնելու Գյումրու համայնքային կառույցը:

Չեմ կարծում, որ ծրագրի իրականացման համար մեծ ֆինանսական միջոցներ պահանջվեն: Մեծ ֆինանսների անհրաժեշտություն կլինի, եթե այս տարածքում սպորտային համալիր կառուցվի: Այս դեպքում ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի միջամտության անհրաժեշտությունը կառաջանա:

Ես դիմում եմ մեր քաղաքի ազգաբնակչությանը, որպեսզի համատեղ դիմենք Գյումրու քաղաքապետարանին, նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի այս հարցը լուծվի, ինչպես նաև ձորի ամբողջ տարածքը կանաչապատվի և ազատվի աղբից:

Մինչ քաղաքապետարան դիմելը, կառուցվելիք առողջական կենտրոնի կարևորությունը ցույց տալու համար ցանկանում եմ ստորագրահավաք սկսել:

Նրանք, ովքեր կցանկանան, որպեսզի Գյումրիում առողջական կենտրոն ունենանք, կարող են միանալ ստորագրահավաքին, որից հետո փաստաթղթերը՝ այդ թվում ստորագրահավաքի, ներկայացնելու եմ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ հարցն ավագանու նիստի օրակարգ ընդգրկելու և դրան հետագա ընթացք տալու համար:

Առաջարկի հեղինակ` լրագրող Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031