Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Սևան համայնքն արժանացավ «Լավագույն մարզական բակ» անվանակարգի 2-րդ մրցանակին քաղաքի 5-րդ միկրոթաղամասում կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին հանձնեց մրցանակն ու հավաստագիրը:
Հիշեցնենք, որ մարզա և խաղահրապարակների բացումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոս ամսին: Դրանք սևանցի, այդ բակում իր մանկությունն անցկացրած, այժմ Մոսկվայում բնակվող երիտասարդ նկարիչ Խաչիկ Կարապետյանի նվերն է սևանցիներին, որը հանգստի ու ժամանցի լավագույն վայրերից մեկն է:
Ինչպես բարերարն է նշում, մարզամիջոցներն ու խաղամիջոցներն օգնելու են, որպեսզի բակը կրկին կենդանանա, դառնա մի մեծ ընտանիք, ավելին` այս մարզահրապարակում իրենց ժամանակն անցկացնող երեխաները գրանցեն նաև մարզական հաջողություններ:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ