Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք վստահ ենք, որ շենքերը քանդելու փոխարեն կարելի է դրանք վերականգնել»

Դեկտեմբեր 18,2017 13:00

Պետերբուրգցիները ակտիվ եւ հաջողված պայքար են
մղում իրենց քաղաքի ձեւախեղման դեմ

Թվում էր, թե Սանկտ Պետերբուրգում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող այս քաղաքում, որեւէ հին կառույց քանդել կամ փոփոխությունների ենթարկել հնարավոր չպիտի լիներ, սակայն պարզվում է, որ ամենեւին էլ այդպես չէ:
Գերմանիայի «Համաշխարհային ժառանգություն դիտարկում» կազմակերպության եւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ) մշակութային ժառանգության պահպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվում է «Համընդհանուր ներգրավվածության եւ փոխադարձ աջակցության ամրապնդում Համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների ճանաչելիության բարձրացման համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը: Ծրագրի շրջանակներում վերոհիշյալ երկրների միջեւ տեղի է ունենում նաեւ լրագրողների փոխանակում, սեմինարներ, դասընթացներ:


Եթե Հայաստանում կամ Վրաստանում ծրագիրը նախատեսում է այցելություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կոնկրետ վայրեր, ապա Ռուսաստանում ամբողջ սեմինարն ընթանում էր հենց համաշխարհային ժառանգություն հանդիսացող վայրում՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը համալրել է համաշխարհային ժառանգություն հանդիսացող օբյեկտների ցանկը դեռեւս 1990թ. դեկտեմբերի 12-ին:
Դեկտեմբերի 1-4-ը Սանկտ Պետերբուրգում կայացած սեմինարն ուղեկցվում էր նաեւ քանդման վտանգի առաջ կանգնած հին շինություններ այցելություններով:


Բեռլինի «Համաշխարհային ժառանգության դիտարկում» ՀԿ-ի նախագահ Ստեֆան Դոեմպկեն ցավով արձանագրեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաճախ նույնիսկ տեղյակ չեն, որ համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող շենքերն ու կառույցները ոչնչացվում կամ ձեւախեղվում են: Ազգային ընկերությունները երբեմն ճիշտ տեղեկատվություն չեն տրամադրում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր սեփական միջոցներով ու ռեսուրսներով հիմնականում որեւէ հետազոտություն չի կատարում: Դրա վառ օրինակն է նաեւ Վրաստանի Սվանեթիա շրջանը (Վերին Սվանեթիան նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է- հեղ.), որտեղ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ տեղի իշխանությունները թույլ են տալիս անհամաչափ հյուրանոցների կառուցումը: Վրաստանը, սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ին որեւէ հաշվետվություն չի ներկայացնում այս մասին: Խնդիրներ բարձրացնողը ո՛չ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, ո՛չ էլ առավել եւս` տեղի իշխանությունը: Համաշխարհային ժառանգությունը պահպանել կարող են միայն ու միայն քաղաքացիները, ակտիվիստները, իսկապես մտահոգ մարդիկ»:


Իսկ երբեմնի Լենինգրադում մտահոգ քաղաքացիներն ու ակտիվիստները, ովքեր պատրաստ են անգամ շատ ցուրտ եղանակին ժամերով կանգնել դրսում, պայքարել իրենց քաղաքի «իրավունքների» համար՝ քիչ չեն:

Քաղաքում զբոսնելիս ու հին Պետերբուրգի հետ ծանոթանալիս հանդիպեցի փոքրիկ պիկետի, որի մասնակիցները փորձում էին թույլ չտալ, որ քաղաքային իշխանությունը վերացնի «վթարային» («վթարավտանգ») պիտակը ստացած երկու հին կառույց: Պիկետի մասնակիցները վստահ էին, որ վթարայնության փորձաքննությունները կեղծված էին. շենքերը կվերացնեն որպես վթարային, իսկ մի քանի տարի անց դրանց տեղում կայանատեղի, բիզնես կենտրոն կամ երկնաքեր կկառուցվի:


«Այս շենքերը հին Պետերբուրգի մասն են կազմում, եւ բնականաբար մենք դեմ ենք քաղաքի վարչակազմի այսպիսի որոշմանը: Մենք վստահ ենք, որ շենքերը քանդելու փոխարեն կարելի է դրանք վերականգնել»,- ասաց պիկետի ակտիվ մասնակից, Սանկտ Պետերբուգի օրենսդիր ժողովի պատգամավոր, քաղաքագիտության պրոֆեսոր Բորիս Վիշնեվսկին:
«Մենք ուզում ենք մաքուր, հարմարավետ ու գեղեցիկ քաղաքում ապրել: Սրանից հինգ տարի առաջ մենք ստեղծեցինք «Գեղեցիկ Պետերբուրգ» կայքը, որն այսօր պետերբուրգցիներին թույլ է տալիս բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, առաջարկներով հանդես գալ: Մեր օրինակին հետեւեցին Ռուսաստանի այլ քաղաքներ եւս: Այսօր արդեն վաթսուն քաղաքում նման նախաձեռնություն կա: Մեզ հուզում է մեր քաղաքի մշակութային ժառանգությունը: Մենք թույլ չենք տա, որ քաղաքի հին շենքերը վերացնեն», -ասում է «Գեղեցիկ Պետերբուրգ» նախաձեռնության հիմնադիր Կրասիմիր Վրանսկին:
Սանկտ Պետերբուրգի մասին հոգ են տանում ոչ միայն ակտիվիստներն ու երիտասարդները, այլեւ մի շարք կազմակերպություններ, որոնք լծվել են հարազատ քաղաքի պաշտպանության գործին՝ բողոքների ներկայացումից մինչեւ դատավարություններ: Այդ կազմակերպություններից մեկը «Պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության համառուսական ասոցիացիան» է, որը ստեղծվել է դեռեւս սովետական տարիներին: Այսօր կազմակերպությունը պետական ապարատից ու քաղաքային իշխանություններից անկախ է գործում:


«Վերջին տասը տարիներին վիճակը մի փոքր բարելավվել է, բայց միեւնույն է՝ դեռ շատ խնդիրներ կան, օրենսդրական բացեր կան, իշխանությունը երբեմն քայլերի է գնում՝ ի վնաս մշակութային ժառանգության եւ հօգուտ բիզնես ծրագրերի: Մենք անընդհատ դատական գործընթացների մեջ ենք: Պետերբուրգում մշակութային ժառանգության ինը հազար օբյեկտ կա, իսկ այդ բոլորի ճակատագրերին հետեւել հասցնելը դժվար է: Բայց այսօր կազմակերպություններն էլ շատ են, սա բոլոր քաղաքացիների ու ցավող մարդկանց խնդիրն է», – ասում է «Պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանության» համառուսական ասոցիացիայի Պետերբուրգյան մասնաճյուղի փոխնախագահ Ալեքսանդեր Կոնանովը:

Իսկ «Կենդանի քաղաք» նախաձեռնության կոորդինատոր, Սանկտ Պետերբուրգի կառավարությանն առընթեր մշակութային ժառանգության պահպանման խորհրդի անդամ Յուլիա Մինուտինան վստահ է. «Որքան շատ մեթոդներ օգտագործվեն, որքան շատ կազմակերպություններ աշխատեն մի գաղափարի շուրջ, այնքան ավելի լավը կլինի արդյունքը: Իդեալական վիճակն այն է, երբ միաժամանակ եւ՛ դատավարությունն է ընթանում, եւ՛ ցույցեր են կազմակերպվում, եւ՛ լրագրողներն են ակտիվորեն լուսաբանում խնդիրները: Այս ամենը միասին ի վերջո ստիպում է իշխանությանը վերանայել իր որոշումը»:

Պետերբուրգցիները մեկ օրում որեւէ հաղթանակի չեն հասել, եւ քաղաքային իշխանության դեմ որեւէ դատ էլ մեկ օրում չեն շահել: «Դեռ 10-11 տարի առաջ, երբ նոր էինք սկսում աշխատանքները, մեր հաղթանակները շատ քիչ էին, մեր առջեւ պատ էր, մենք չէինք կարողանում փորձաքննություններ անել, դատավարություն հաղթել, լրագրողներին էլ այս ամենը չէր հետաքրքրում: Այն, որ քաղաքի պաշտպանության թեման մեզ մոտ ամենաառաջնայիններից է` արդեն հաղթանակ է», -ասում է Ալեքսանդեր Կոնանովը:

 

ԱՐՓԻ ԲԵՔԱՐՅԱՆ

«Առավոտ»

16.12..2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031