Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի և ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը մեծացնելու է մեր մասնակցությունը ԵՄ քաղաքականությանը. Վահե Էնֆիաջյան

Դեկտեմբեր 17,2017 20:56

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությունը` նախագահ Յան Զահրադիլի գլխավորությամբ: Տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության մասնակցությամբ համաժողովը՝ «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որին ներկա էին ինչպես եվրոպացի պատգամավորներ, այնպես էլ աշխարհից ժամանած տարբեր քաղաքական գործիչներ և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Ես` որպես «Ծառուկյան» խմբակցության քարտուղար հանդես եկա ելույթով: Ելույթը ստորև՝ Հարգելի պարոն Ծառուկյան, հարգելի պարոն Զահրադիլ, Հարգարժան բարձրաստիճան հյուրեր, Տիկնայք և պարոնայք Ողջունում եմ բոլորիդ:

Տևական ժամանակ է Բարգավաճ Հայաստան կուսակցությունն անդամակցում է Եվրոպայի խոշորագույն քաղաքական դաշինքներից մեկին՝ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի մեծ ընտանիքին: Մենք ունենք նույն գաղափարները, ունենք Եվրոպան ավելի խաղաղ ու անվտանգ դարձնելու մեր տեսլականն ու մեր օրակարգերը։ Հարգելի գործընկերներ, մեր հասարակությունը մշտապես կարևորել է փոխգործակցությունը Եվրոպական Միության հետ եւ նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը առավել խորը համագործակցության հրաշալի հնարավորություն է։

Մենք պետք է ընդունենք, որ հասարակական և քաղաքական գործընթացներում անբեկանելի են եվրոպական քաղաքակրթության ժողովրդավարական ժառանգությունն ու ազդեցությունը, եւ այսօր նաեւ տարածաշրջանային զարգացումներում անհերքելի է Եվրոպայի Միության մասնակցությունը: Աշխարհը փոփոխվում է, ամեն օր մենք կանգնում ենք նոր մարտահրավերների առջև և միայն համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջեւ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծացնելու է մեր մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը ու իրականացվող ծրագրերին: Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ակտիվ աշխատանքներ է ծավալում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում,Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ակտիվ մասնակցում է միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքներին և հնարավոր բոլոր միջոցներով զարգացնում խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բացառիկ հնարավորությունները:

«Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ»- ահա այս կարգախոսի ներքո է այսօր հրավիրվել մեր համաժողովը, որը հրաշալի հնարավորություն է՝ որոշելու համատեղ ծրագրեր ու ահա նման համաժողովները կարող են դառնալ այդ ծրագրերը կյանքի կոչելու իրական հարթակ: Այս համատեքստում մեր եվրոպացի գործընկերները բազմիցս նշել են, որ Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխգործակցության առանցքում կարևորագույն դեր է խաղում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական գործոնը, ով սույն թվականի նոյեմբերին Բրյուսելում կայացած Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ընդլայնված նիստում իր ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ ցանկացած քաղաքական ուժ և քաղաքական գործիչ ուժեղ է, երբ իր կողքին են գաղափարակիցներն ու ընկերները:

Անշուշտ, մենք կարևորում ենք Եվրոպացի մեր գործընկերների կողմից Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում Հայաստան ժամանելը, Ծառուկյան դաշինքի կողքին լինելն ու իրենց բարձր աջակցությունը: Այսօր եվրոպական մեծ ընտանիքի մաս կազմելով՝ մենք կրկին վերահաստատում ենք մեր գաղափարակից գործընկերներին, որ պատրաստ ենք հետայսու նույնպես կառուցողական մթնոլորտում շարունակել ձևավորված լավագույն ավանդույթները: Բացի քաղաքական համընդհանուր արժեքները դավանելուց, մենք գաղափարակից ենք նաև տնտեսական բնագավառում, ինչպիսին են փոքր և միջին ձեռներեցության զարգացումը, հարկային դաշտի թափանցիկությունը, արդար մրցակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Վերոնշյալ հիմնադրույթները նաև ամրագրված են ապրիլյան խորհրդարանական ընտրություններում ներկայացված մեր դաշինքի քաղաքական ծրագրում: Դրանք 15 կետից բաղկացած այն դրույթներն են, որոնց կյանքի կոչմամբ հնարավոր է զգալիորեն շտկել Հայաստանի քաղաքացիների սոցիալ տնտեսական իրավիճակը, երկիրը դնել զարգացման ճիշտ ուղու վրա։

Հարգելի գործընկերներ, մենք երբեք ամպագոռգոռ հայտարարություններ չենք անում: Մենք, ինչպես եւ դուք, վստահ ենք, որ ցանկացած քաղաքական ուժ կենսունակ է, եթե ունի ամենամեծ ռեսուրսը՝ ժողովրդի վստահությունը։ «Բարգավաճ Հայաստանն» այդ վստահությունն ունի։ Գործընկերներ, ավելի անվտանգ Եվրոպա ունենալու համար անչափ կարեւոր է նաեւ տարածաշրջանային անվտանգությունը եւ այստեղ մեծ է Եվրոպական Միության դերը, որը, վստահ եմ, մեծապես շահագրգռված է խաղաղ ու անվտանգ Հարավային Կովկասով։ Մենք բոլորս, որպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությունն իրացնողներ, պետք է կարողանանք ճիշտ գնահատել բոլոր մարտահրավերները եւ փորձել այդ դիվանագիտության հիմնական գործիք դարձնել երկխոսությունը, ինչը Հայաստանը փորձում է անել։ Եվ պատահական չէր, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տիկին Ռեբեքա Հարմսը հատուկ արձանագրեց, որ խորհրդարանական դիվանագիտության ձևաչափում Հայաստանը մի քանի անգամ առաջ է Ադրբեջանից:

Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն դուք քանիցս հնարավորություն եք ունեցել համոզվելու՝ մեր կուսակցության նախագահի ՝ Գագիկ Ծառուկյանի համար կարևոր է եվրոպացի մեր գործընկերներին ներկայացնել ոչ միայն Հայաստանն ու ներհայաստանյան գործընթացները, այլ համապարփակ ներկայացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներկայացնել սեփական պատմական հայրենիքում ապրելու, աշխատելու և պետություն ունենալու իրավունքը: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային խնդիրները հաղթահարելու և նոր էսկալացիաները բացառելու համար պետք է շարունակել մեր փոխգործակցությունը քաղաքակիրթ աշխարհի և Եվրոպական մեծ ընտանիքի հետ: Այնպես որ՝ հարգելի գործընկերներ, մենք համատեղ դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Եվ կրկին անդրադառնալով նոյեմբերին կնքված համաձայնագրին՝ ուզում եմ արձանագրել, որ դա միայն մեծ ճանապարհի սկիզբն է, եւ մեզ բոլորիս լուրջ աշխատանք է սպասվում։ Չկան անհաղթահարելի բարձունքներ, չկան անհաղթահարելի մարտահրավերներ։ Անհրաժեշտ է համապատասխան կամք ու հնարավորություն՝ ամենադժվար փորձությունները հաղթահարելու համար:

Վստահ եմ, որ Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև այս առողջ փոխգործակցությունը նպաստելու է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների առաջընթացին։ Այս բառերը Եվրոպայում Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլինն են, որը նա ասաց ապրիլյան ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ դաշինքի մեր գործընկերները եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ծառուկյան դաշինքին եւ անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Այո, ես վստահ եմ, որ սա միայն սկիզբն է այն մեծ ճանապարհի, որ մենք պետք է անցնենք միասին: Հայաստանը Եվրոպական Տնտեսական Միության երկիր հանդիսացող միակ պետությունն է, որը Եվրոպայի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրեց եւ մենք կարող ենք լավ օրինակ լինել՝ ցույց տալով, որ ինտեգրացիոն այդ երկու բեւեռները միմյանց չեն հակասում։ Ամենակարևորը, որ մենք ունենք ցանկություն, ունենք միասնական օրակարգ ձևավորելու վճռականություն, ունենք համապատասխան ներուժ՝ մեր մոտեցումներն ու ծրագրերը համատեղ կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ մեր փոխգործակցությունը լինելու է արդյունավետ՝ ի շահ ավելի խաղաղ, բարեկեցիկ ու անվտանգ Եվրոպայի, որի մաս ենք բոլորս:

Շնորհակալություն ուշադրության համար:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031